Ազգային ժողովը չի կարող ինքնալուծարվել, քանի որ Սահմանադրական մարմինն արձակվում է, չի լուծարվում, «Իմ քայլի» պատգամավորներն անգամ օրենսդրությանը ծանոթ չեն ու օգտագործում է «ինքնալուծարվել» բառը՝ շփոթմունքի մեջ գցելով, թե փորձագիտական շրջանակներին, թե հանրությանը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանն ՝ ընդգծելով, որ ինքնալուծարման հարց լինել չի կարող, կարող է լինել «ինքնարձակման» հարց։
«Ինքարձակման համար պետք է 88 պատգամավորի ձայն, մինչդեռ, այս պահին «Իմ քայլում» այդքան պատգամավոր չկա, քանի որ 5 պատգամավոր խմբակցությունից դուրս են եկել և այժմ խմբակցությունն ունի 83 պատգամավոր, հետևաբար, դրա համար պետք է նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների ձայները։ Մինչդեռ ընդդիմադիր ուժերն իրենց պայմաններն ունեն, ըստ այդմ՝ արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել քանի դեռ Փաշինյանն է վարչապետը։ Նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը, ինչին վարչապետը չի համաձայնում»։
Նրա դիտարկմամբ՝ վարչապետը չի ցանկանում հրաժարական տալ, փոխարենը պատրաստ է արձակել ԱԺ-ն, քանի որ վստահ է, որ եթե հրաժարական տա, ապա առնվազն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կդնի իր թեկնածությունը և մեծ է հավանականությունը, որ նա կընտրվի վարչապետ։ «Ես չեմ բացառվում, որ ԲՀԿ-ն միանա ԼՀԿ-ին, մեծ է նաև հավանականությունը, որ «Իմ քայլից» շատ պատգամավորներ, ովքեր հիմա ցույց են տալիս, որ վարչապետի կողքը կանգնած են՝ զզված լինելով վարչապետի ինքնիշխանությունից ու ինքնիրավչությունից, նրանց, որ իրենց խմբակցությունում պահում են կոմպրոմատներով՝ կարող են գաղտնի քվերակության ժամանակ կողմ քվեարկել ԼՀԿ-ի թեկնածուին։ Արդյունքում, ԼՀԿ-ի ղեկավարն՝ օգտվելով ընդդիմության այլ ներկայացուցիչներից կարող է գործադիր իշխանությունը փոփոխության ենթարկել, այդ դեպքում քիչ է հավանականությունը, որ «Իմ քայլը» կհայտնվի ապագա խորհրդարանում։ Առավել ևս չի բացառվում, որ եթե այլ մարդ ընտրվի վարչապետ, ապա դատաիրավական համակարգը քննություն կսկսի 2020 թ-ի պատերազմի ընթացքում վարչապետի թույլ տված ենթադրյալ խնդիրների շուրջ։ Շատ քիչ է հավանականությունը, որ այդ պարագայում վարչապետը կմնա ազատության մեջ։ Այսինքն, վարչապետն հասկանում է, որ եթե հրաժարական տվեց, ապա գնալու է բանտ, եթե անգամ հասցնի հեռանալ Հայաստանից, ապա վերադառնալ չի կարողանա։ Կարծում եմ, ամեն դեպքում քիչ հավանական է, որ իշխող ուժը գնա Սահմանադրական փոփոխության, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կարող են չմասնակցել բավական ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժեր, արդյունքում կստացվի, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացնում, որոնց մասնակցում են «Իմ քայլը»,ԼՀԿ-ն ու էլի մի քանի մանր-մարդ կուսակցություններ։ Հետևաբար, քաղաքական ճգնաժամը չի հաղթահարվի և փողոցային պայքարը կշարունակվի ու քաղաքական ճգնաժամը կխորանա»։
Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանը շտապում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ երկրում քաղաքական կյանքը կանգնած է, թեև իշխող քաղաքական ուժը չի ընդունում քաղաքական ճգնաժամի առկայությունը, սակայն ճգնաժամ իրականում կա, քանի որ վարչապետը չի կարողանում իր գործառույթները լիրաժեք իրականացնել։ «Նրան թույլ չեն տալիս անգամ Սյունիք մտնել, նա ուժ գործադրելով է միայն կարողանում Եռաբլուր մտնել, նրա հրահանգները իրապես չեն կատարվում, շատ դեպքերում ձևացնում են, թե կատարվում են այդ հրահանգները, սակայն իրականում չեն կատարվում։ Այսինքն՝ պարտվելով և կապիտուլիացիա ստորագրելով՝ նա կորցրել է քաղաքական լեգիտիմությունը, նրան պետք է վերականգնել այդ լեգիտիմությունը, ինչն հնարավոր է միայն նոր ընտրություններով»։
Բադալյանն ընդգծեց, որ լեգիտիմության վերականգնումն անհրաժեշտ է նաև արտաքին հարաբերությունների վերականգնման համար՚ «Մենք տեսնում ենք, որ արտաքին աշխարհից այլևս որևէ մեկը չի հատաքրքրվում Հայաստանի ղեկավարի հետ հարաբերություններով։ Անգամ այն երկրների ղեկավարները, որոնք մեր համար մշտապես եղել են գործընկեր երկրներ՝ անցած տարվա կապիտուլիացոն հայտարությունից հետո գործող վարչապետի հետ կապ հաստատելու փորձ չեն արել։ Փաշինյանին քաղաքական այս ռեսթարթը նաև սրա համար է հարկավոր։ Նա փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, մինդեռ, իրականում հասկանում է, որ ոչինչ էլ լավ չէ։ Սրան նաև գումարենք դրամի արժեզրկումը, տնտեսական ներդրումների բացակայությունը, իսկ ներդրում չեն անում մի երկրում, որի ղեկավարի հետ հարաբերություններ չունեն։ Այսինքն, Փաշինյանին անհրաժեշտ է լեգիտինություն, ինչն այլևս չունի»։

