Իշխանությունը լծվել է օր առաջ արտահերթ ընտրություններ անցկացնելու գերնպատակի իրականացմանը։ Երեկ արդեն «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարեց, որ փետրվար ամսվա ընթացքում նախ հանրային քննարկման, ապա շրջանառության մեջ են դնելու Ընտրական օրենսգիրքը, այսինքն՝ օրենսգրքի այն հատվածը, որը վերաբերում է ընտրակարգին և մնացած հատվածներին, քննարկել են նաեւ ԱԺ-ն լուծարելու եւ արտահերթ ընտրությունների հետ կապված հարցեր։
Մամուլում եւս տեղեկություններ շրջանառվեցին, որ խորհրդարանում նախնական քննարկման փուլում է գտնվում Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որով նախատեսվում է Ազգային ժողովի ինքնարձակման կանոն։
Արտահերթ ընտրությունների գաղափարը մեր օրակարգում հայտնվեց պատերազմի ավարտից ու եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ լարվել էր ներքաղաքական իրավիճակը եւ սկսեցին հնչել վարչապետի հրաժարականի պահանջները։ Այս թեմայով Փաշինյանը սկսեց խորհրդակցությունների շարք ընդդիմության հետ, բայց հանդիպումները որեւէ արդյունք չունեցան։ Վարչապետն առաջարկում էր հուշագիր ստորագրել, որ իր հրաժարականի դեպքում ընդդիմությունը վարչապետի թեկնածու չի առաջադրի, երկու անգամ վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանը կլուծարվի, ինչպես եւ նախատեսված է Սահմանադրությամբ։
Սակայն, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները որպես արտահերթի գնալու առաջին քայլ, պահանջում էին վարչապետի հրաժարականը։ Ավելին, «Լուսավոր Հայաստանը» բացեիբաց հայտարարում էր, որ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին։ Նիկոլ Փաշինյանի համար այս տարբերակն այնքան էլ ընդունելի չէ, քանի որ վարչապետը կասկածներ ունի, որ իր հրաժարականի պարագայում անկառավարելի գործընթացներ կսկսվեն ու գուցե ընդդիմությանը հաջողվի այսպես ասած «հավաքագրել» «Իմ քայլի» որոշ պատգամավորների, ընդդիմության թեկնածուի ընտրությունը ապահովելու համար։
Չկարողանալով «հուշագրի» միջոցով հասնել արտահերթ ընտրությունների՝ իշխանությունը դիմում է Սահմանադրության աղճատման քայլին։
Այս մասին լուրերի տարածումից հետո մի շարք հայտնի իրավաբաններ ահազանգեցին, որ սա հերթական ապօրինի նախաձեռնությունն է, հերթական ոտնձգությունը Սահմանադրության նկատմամբ։ Օր առաջ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անգամ կարճ ուղին ցույց տվեցին՝ իշխող քաղաքական մեծամասնությունը վայր է դնում մանդատները եւ խորհրդարանը օրենքի ուժով լուծարվում է։ Սակայն, իշխանությունը ցանկանում է խորհրդարանական մեծամասնությանը զոհել հանուն վարչապետի պաշտոնավարումը մի քանի ամսով ձգձգելու։
Իսկ վարչապետի պաշտոնավարումը ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում կարեւոր է վարչական ռեսուրսի տեսանկյունից, մյուս կողմից էլ՝ օր առաջ ընտրության դեպքում առավել մեծ հնարավորություն ունի մեծամասնության քվեն ստանալու, հետեւաբար՝ նորից կարելի է գնալ սահմանադրության աղճատման «հաջողված» փորձին՝ ՍԴ-ի լուծարումը վկա։
Այն, որ նրանց նախաձեռնությունը հակասում է Սահմանադրությանը եւ իրավական առումով խոցելի է, իրավագետները անդրադարձել են։ Մյուս կողմից էլ՝ իսկ ով էր իշխանությունից ակնկալում գրագետ նախաձեռնություն, եթե անգամ տարրական տերմինները եւ գաղափարները չեն տարբերակում, օրինակ՝ խորհրդարանը չի կարող ինքնալուծարվել, կարող է արձակվել եւ այլն։ Այս առումով քիչ է մնում երանի տանք Սահմանադրության աղճատման «կնքահայրերին»՝ ի դեմս Գագիկ Հարությունյանի եւ Հրայր Թովմասյանի, ովքեր գոնե իրենց եւ իրենց քաղաքական ղեկավարների հագով Սահմանադրություն կարելի գրագետ էին լուծումներ գտնում, փորձում էին ինչ-որ խորամանկությունների դիմել, համաձայնեցնել ընդդիմության եւ միջազգային կառույցների հետ բոլոր խնդիրները։
Իսկ այս իշխանությունը առհասարակ թքած ունի իր գործողությունների հակաիրավական գնահատվելու, միջազգային կառույցների կողմից չընդունվելու վրա, մենք տեսանք, որ նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի բացասական կարծիքը իշխանությանը չի կանգնեցնում, չի տխրեցնում, չի մտահոգում, նրանք ամեն ինչ կարող են մեկնաբանել յուրովի, իրավիճակը համարել ֆորս մաժոր, ժողովրդի ընտրության իրավունքը՝ գերակա, մասնագիտական այլ կարծիքներն էլ դիտարկել խորհրդատվական բնույթի եւ տարատեսակ մեկնաբանության խնդիր։
Հուսով ենք, որ այս 2,5 տարվա ընթացքում երկրի իրավական համակարգի հետ տեղի ոընեցող գործընթացը՝ իր ողջ պատճառահետեւանքային կառուցվածքով, պատվիրատուներով եւ կատարողներով, ոչ միայն քննության նյութ կդառնա հաջորդ իշխանության համար, այլեւ դասեր քաղելու, պետության իրավական անվտանգությունը ամուր հիմքերրի վրա դնելու մարտահրավեր։
Ինչպես անթույլատրելի է շենքի, բնակարանի հիմնական պատը քանդելը, նույնքան անթույլատրելի պետք է լինի Սահմանադրությունը օրումեջ փոխելը, գրել-ջնջելը, ըստ ճաշակի, գիշերը տեսած երազի, քաղաքական շահերի համար կիսագրագետ փոփոխություններ անելը։
Հաջորդ իշխանությունը, եթե լինի պետականամետ, ազգային, չմտածի եւ չառաջնորդվի սեփական շահերով, պետք է օր առաջ նախաձեռնի Սահմանադրության պահպանման եւ պաշտպանության հարցը՝ որպես երկրի մայր օրենք եւ երկրի իրավական անվտանգության թիվ 1 երաշխավոր։ Ըստ այդմ՝ գուցե ապագայում անհրաժեշտություն առաջանա խստորեն սահմանափակելու սահմանադրությունում փոփոխություններ անելու հնարավորությունը, նորմերը յուրովի մեկնաբանելու փորձերը, եւ թող սա կոչվի հայրենի պաշտոնյաների «օրինաստեղծ հակումները» զսպելու ձեւ։ Սահմանադրությունը թթու թան չէ, ամեն մեկի բան չէ, հատկապես՝ ոչ իրավաբանների բանը չէ։

