ArmDaily.am-ի զրուցակիցն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
-«Իմ քայլը» խմբակցությունը երեկ քննարկել է Ազգային ժողովը լուծարելու մասին նախագիծը։ Ինչո՞ւ են ուզում այդպես ինքնալուծարման հասնել, երբ կարող են իրենք մանդատները վայր դնել։
-Նման ինստիտուտ ընդունված չի որևէ տեղ՝ պետական մարմինը ինքնալուծարվի։ Նման բան ես որևէ տեղ, որևէ երկրում չեմ հանդիպել, չեմ ուսումնասիրել նման փորձ։ Ինքնալուծարվելը ո՞րն է, եթե քեզ ժողովուրդն է ընտրել, ի՞նչ իրավունք ունես քո նախաձեռնությամբ լուծարվել։ Դա նշանակում է թքել ժողովրդի գնահատականի վրա։ Երկրորդ՝ դրա անհրաժեշտությունը ո՞րն է, և ի՞նչ հարց են դրանով ուզում լուծել։ Եթե իրենք ուզում են արտահերթ ընտրություններ, թող գան ասեն, որ մենք ուզում ենք արտահերթ ընտրություններ, ինչի համար են ուզում, որ վարչահրամայական մեթոդները կիրառելով ևս երկրորդ անգամ նկարել 70 տոկոսանոց արդյունք, որպեսզի լեգիտիմացնեն իրենց ամբողջ, վերջին շրջանի արածը։ Բայց հիմա դրա անհրաժեշտությունը չկա։ Սկսենք նրանից, որ դա ֆինանսական մեծ բեռ է պետության, պետական բյուջեի վրա։ Իսկ հիմա պետական բյուջեն շատ ավելի կարևոր ծախսային անելիքներ ունի, քան ընտրություններ անցկացնելը։ Այսօր ունենք տասնյակ հազարավոր հաշմանդամ զինվորներ, որոնք բուժման կարիք ունենք՝ փոխանակ դրա մասին մտածենք, արտահերթ ընտրություններ են ուզում իրականացնել։
Ազգային ժողովն ինչո՞վ չի արդարացնում իր գոյությունը։ Միշտ ասել եմ ու հիմա էլ եմ նույն կարծիքին, որ այնտեղ կան պատգամավորներ, որոնք բացարձակ անելիք չունեն Ազգային Ժողովում։ Բայց դա չի նշանակում, որ Ազգային Ժողովը պիտի լուծարվի։ Եթե իրենց շարքերում կան անգրագետ, անբան պատգամավորներ՝ թող իրենք հրաժարական տան։ Բայց այնպես չի, որ Ազգային Ժողովում կա ճգնաժամ և այդ ճգնաժամը չի լինում հաղթահարել և դրա համար պետք է լուծարվի։ -Ո՞րն է ինքնալուծարման նպատակը։ -Եթե իրենք պետք է վերարտադրեն Նիկոլ Փաշինյանին, դրա ճանապարհն էլ կա, բայց այստեղ ամենագլխավոր խնդիրն այն է, որ պետք է հեռանա այն մարդը, ով որ այսօր Հայաստանը և Արցախը բերեց այս վիճակին, իսկ այդ մարդու անուն-ազգանունը Նիկոլ Փաշինյան է։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը այսօր կառչել է աթոռից, ամեն ինչ անում է իր գոյությունը այդ աթոռի վրա երկարաձգելու համար, նա բարոյականություն պետք է ունենա, տա հրաժարական, որովհետև ինքն է եղել այդ ինքնահռչակ գերագույն հրամանատարը, ինքն է այդ ամեն ինչի մեղավորը, թե երկրում սոցիալ-տնտեսական զարգացման բացակայության, թե այսքան մարդկային զոհերի, անհեռատես արտաքին քաղաքականության, բոլոր հարևանների հետ եղած բարիդրացիական հարաբերությունները փչացնելու, երկրում թշնամանքի մթնոլորտ ստեղծելու և խորացնելու, այս ամեն ինչի պատասխանատուն ինքն է, ինքը պարզապես բարոյականություն չունի, որ տա հրաժարական։ Համ էլ վախենում է, որովհետև որ պահին ինքը պաշտոնի չեղավ՝ իր հետևից գալու են։
-Ովքե՞ր են գալու։
-Պետությունը, իրավապահ մարմինները։ Նա մի քանի անգամ սահմանադրական կարգ է տապալել, ապօրինի ձերբակալությունների հրահանգներ է տվել, բա ո՞վ է պատասխան տալու։ -Այդ դեպքում ԱԱԾ-ն ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում։ -ԱԱԾ-ին հարցրեք, որովհետև ԱԱԾ-ն այսօր Նիկոլ Փաշինյանի անմիջական վերահսկողության ենթակա է, և գործող մարմին է, դրա համար էլ երևի իրանց պաշտոնները պահելու համար չեն արձագանքում։
-Լուրեր էին պտտվում, որ «Իմ քայլը» Ազգային Ժողովն լուծարելու ուղղով է գնում, քանի որ այդպես էլ չկարողացավ խորհրդարանական ընդդիմության հետ համաձայնության գալ, հուշագիր ստորագրել։
-Ոչ մի հուշագիր։ Ես անձամբ՝ որպես ընդդիմադիր գործիչ՝ դեմ եմ ցանկացած հուշագրի՝ սա այդ դեպքը չի։ Տեսեք, մենք 2018 թվականին ինչու այդ հուշագիրը ստորագրեցինք, որովհետև իսկապես ընդհանուր բնույթ ուներ գործող իշխանություններից ազատվելու խնդիրը, բոլորս այդ հարցում շահառու էինք և դրա համար գնացինք դրա։ Համենայնդեպս, փողոց դուրս եկած ժողովրդի մեծամասնությունը, ոչ թե ընտրազանգվածը, Նիկոլ Փաշինյանին էին ուզում տեսնել երկրի ղեկավարի դերում, մենք դրա համար գնացինք այդ քայլին, այսինքն ժողովրդի կողքին կանգնեցինք։ բայց հիմա նման խնդիր չկա։ Հիմա հակառակը կա հենց Նիկոլ Փաշինյանից ազատվելու խնդիր, որովհետև նա մեր երկրի չարիքն է։ Նա իր ամեն օրվա գոյությամբ չարիք է հանդիսանում մեր երկրի գոյության համար։ Հիմա պետք է ազատվել այդ մարդուց և մի բանի մասին պետք է հոգ տանենք։ Տեսեք, մենք Նիկոլ Փաշինյանի դեպքում մենք ղեկավարվեցինք չարյաց փոքրագույնի կանոնով, ասեցինք, մենակ հանրապետականը չլինի՝ ով ուզում է լինի ու այդ ով ուզում է լինի կանոնից հմտորեն օգտվեց հայտնի ֆոկուսնիկ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա մենք երկրորդ սխալը չպիտի թույլ տանք, հիմա մենք պետք է որոշենք, թե ով իր մարդկային և գործնական ունակություններով, իր ունեցած կապերով, իր հեղինակությամբ ի վիճակի է երկրի դուրս բերել այս վիճակից։
-Նիկոլ Փաշինյանը կամ իշխող խմբակցությունը հեռանալու մասին որևէ հայտարարություն չի արել կամ նման մտայնություն ցույց չի տվել։
-Ինքը որպես գլխավոր և միակ մեղավոր ինքը պետք է հրաժարական տա։ Նա պատիվ չունի, հեղինակություն չունի։ Իսկ ես դեռ այն կարծիքին եմ, որ Արցախյան պատերազմը դեռ ավարտված չէ, մենք դեռ անելիքներ ունենք, մենք դեռ վերադարձնելու բաներ ունենք։ Ինքը այդ առումով ոչնչություն է, նրան ծաղրում են, Ալիևի նման փալասը, որին ամբողջ աշխարհն է ծաղրել, այսօր Ալիևը նրան անվանում է հարբեցող ու ծիծաղում է իր վրա՝ նա ոնց կարող է գնալ Ալիևի հետ բանակցությունների։ Նա և ներպետական կյանքն է փչացրել ամբողջությամբ, սոցիալ- տնտեսական խնդիրները, հասարակության մեջ աննախադեպ թշնամական մթնոլորտի հարուցումը, դրան գումարած նա միջազգային հեղինակություն չունի,միջազգային հարթակներում բացառապես հանդիսանում է ծաղրի առարկա։ Այնքան անհարգալից վերաբերմունք ունենան նրա նկատմամբ, այնքան ծաղրական, որ նրան ասեն՝ սափրվի, նոր արի հանդիպման։ Այսինքն այս մարդն այնքան է հեղինակազրկված ու այնքան է ծիծաղի առարկա դարձել, որ նրան արտաքին տեսքն են հուշում, ոնց կազմակերպի, որ իրավունք ունենա գալ, նստել սեղան։ Հիմա այս մարդն ինչքան անբարոյական է, որ շարունակում է պաշտոնավարել՝ ուզում եմ հասկանալ, իր բարոյականության սահմանը։ Ինքը չունի բարոյականություն, ինքն ընդհանրապես զուրկ է բարոյականությունից։ Դրա համար էդպիսի ղեկավար ունենալը և նման ղեկավարի պայմաններում փորձել արտաքին մարտահրավերներ հաղթահարելը պարզապես անհեռատես և անհաջողության դատապարտված գործողություն կլինի։
-Եթե այս նախագիծը ընդունվի Ագզային Ժողվի կողմից, պետք է նաև Սահմանադրական դատարանի կողմից հաստատվի, թե իրենք կարող են այլ տարբերակ ընտրել։
-Բնականաբար Սահմանադրական դատարանը պետք է տա դրական եզրակացություն այդ սահմանադրական փոփոխությանը՝ նոր։ Հիմա դրա համար էլ ինքը լծված է ամբողջ դատական համակարգը սեփական յուրայինններով, կամակատարներով, իր համար կառավարելի մարդկանցով համալրելու հույսին։ Իրեն ոչ մեր դատական համակարգի անկախությունն է հետաքրքրում, իրեն ոչ հետաքրքրում է Հայաստանում օրինականությունը, ոչ մարդու իրավունքների պաշտպանությունը, ոչ տնտեսական զարգացումները, իրեն միայն մի բան է հետաքրքրում, ամեն ինչ անել, մնալ այնպիսի կարգավիճակում, որ ինքը համարվի անձեռնմխելի,որ իրեն հանկարծ չանհանգստացնեն։ Բայց իրեն ոչինչ չի հաջողվելու, պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մի հանցագործի չի հաջողվել խուսափել պատժից։

