Պատմությունից հայտնի է, որ որևէ ավտորիտար ռեժիմ անընդհատ չի կարող գոյատևել և ՌԴ-ում այսօր տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ Խորհրդային Միությունում՝ 80-ականների վերջում, երբ մոտենում էր Խորհրդային Միության ռեժիմը, որը կառուցված էր կեղծ գաղափարախոսության վրա և ներսից արդեն քայքայվել, թարախակալվել էր։ Նույնը տեղի է ունենում այսօր պուտինյան Ռուսաստանում, որովհետև Պուտինի իշխանության 20 տարիների ընթացքում ՌԴ-ն դարձրել են չեկիստաոստիկանական, ֆաշիստական մի երկիր, որտեղ Պուտինի մերձավոր շրջապատն անում է, ինչ ուզում է, այսինքն, աննախադեպ հարստանում են, իսկ ժողովուրդն աղքատանում է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Արկադի Վարդանյանն ՝ հավելելով, որ զարմանալի է չէ՞, որ Ռուսաստանը, լինելով ընդերքով ամենահարուստ պետությունը, ամենաքյասիբ երկրների շարքում է։
«Հասարակությունը չի կարող սա անընդհատ հանդուրժել։ Պայթյունը մենք տեսանք հունվարի 23-ին, դա կկրկնվի նաև առաջիկա շաբաթ օրը, մի խոսքով պուտինյան ռեժիմի օրերը հաշված են ու մենք մեր հասարակությանը պետք է պատրաստենք դրան, պետք է հասարակությանն հասկացնենք, որ հարգելիներս, ախր չի կարելի այդքան անընդհատ Ռուսաստանի պոչից կախված մնալ և ենթադրել, որ Ռուսաստանը միակ ուժն է, որ կարող է մեր անվտանգությունն ապահովել, սա կեղծ մտածելակերպ է, որ մեզ հրամցրել են։ Ռուսաստանում մոտ ժամանականերս տեղի են ունենալու սկզբունքային փոփոխություններ, այնտեղ Պուտինը երկար չի կարողանա դիմադրել։ Ճիշտ այնպես, ինչպես մենք 2018 թ-ին այնքան էինք զզված, որ ռոբասերժական ու լևոնտերպետրոսյանական դավաճանական քաղաքականությունից, որ ժողովուրդն աննախադեպ քանակությամբ դուրս եկավ փողոց և մերժեց Սերժին։ Իհարկե, ցավոք, մենք բոլորս խաբվեցինք, քանի որ հաջորդ ղեկավարը ոչ միայն անմեղսունակ է, այլև նախկինի շարունակությունն է։ Հիմա ՌԴ-ում էլ սա անպայման տեղի է ունենալու»։
Նրա դիտարկմամբ, ցավոք, այն, ինչ տեղի ունեցավ մեզանում 2018-ին՝ նախապես բեմադրված սադրանք էր հայ ժողովրդի դեմ, որի նպատակն էր վերջնականապես, տարածաշրջանից վերացնել հայկական գործոնը։ «Սա մենք ուշ հասկացանք, եթե շուտ հասկանայինք՝ Նիկոլի վզակոթից բռնած վաղուց էինք շպրտել դուրս։ Ռուսաստանն այլ պայմաններում է, քանի որ Ռուսաստանի ռեսուրսները, տարածքները, քաշն ու ազդեցությունը անհամեմատելի են։ Այնտեղ ժողովրդի ընդվզումն այլ հետևանք է ունենալու, իսկ մեզ համար ամենակարևորը մեր քայքայված օրգանիզմը առողջացնելու մասին մտածելն է»։

