Ինչպես հայտնի է, հունվարի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով։
Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահն ու նրա որդիները դատարան հայց էին ներկայացրել՝ պահանջելով ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Դատարանը վճռեց, որ հայցվորների հասցեին վիրավորանք և զրպարտություն համարվող արտահայտություններ են կատարվել ՀՀ վարչապետի կողմից` իր մամուլի խոսնակի միջոցով և այդ մասով պահանջը բավարարեց, հետեւաբար՝ պարտավորեցրեց պատասխանող ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Մանե Գագիկի Գևորգյանին պատկանող պաշտոնական էջում 28.04.2020 թվականին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի կատարած հրապարակային գրառումը հերքել հետևյալ կերպ (մեջբերում). «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներողություն է խնդրում Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com սոցիալական կայքի` Մանե Գևորգյանի էջում տեղադրված գրառման մեջ նշված՝ նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար», գրառման մեջ նշված՝ «Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կոռուպցիոն և մաֆիոզ համակարգ ղեկավարած լինելու, ինչպես նաև ապօրինի հարստություն կուտակած լինելու վերաբերյալ պնդումը: Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ընդունել են իրենց կամ ընտանիքի այլ անդամների կողմից պետությանը վնաս պատճառելու փաստը, թալանելու փաստը, կամ պատրաստակամություն են հայտնել որպես թալանած գույք որևէ բան պետությանը վերադարձնելու մասին» իրականությանը չեն համապատասխանում»:
Միևնույն ժամանակ, վարչապետը պետք է Խաչատրյանների օգտին վճարի 8 հազար դրամ պետական տուրք, ևս 500 հազար էլ հայցվորների փաստաբանական ծախսերի համար։ Մանե Գեւորգյանը հայտարարել է, որ բողոքարկելու են վճիռը։ ArmDaily.am-ը մի քանի հարց ուղղեց վճիռը կայացրած դատավորին՝ Սարգիս Երիցյանին։
-Ինչպե՞ս «համարձակվեցիք» վճիռ կայացնել Նիկոլ Փաշինյանի եւ նրա խոսնակի դեմ։
-Դատավորը երբեւիցե վճիռ չի կայացնում որեւէ մեկի դեմ կամ որեւէ մեկի կողմից, ցանկացած դատական ակտ կայացնում է ՀՀ-ի անունից եւ ուղղված չէ որեւէ մեկի դեմ, որեւէ մեկի կողմից։ Դատավորի նպատակն է իրական արդարադատությունը։
-Վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել այն, հաջողության կհասնե՞ն վերաքննիչում։
-Դա յուրաքանչյուր դատավարական կողմի սահմանադրական իրավունքն է եւ ցանկացած պարագայում դատավորի կարծիքը սահմանափակվում է կայացված դատական ակտում արտահայտված դիրքորոշմամբ։
-Այս ակտից հետո ճնշումներ չե՞ն եղել եւ չե՞ք վախենում ճնշումներից, մասնավորապես՝ վեթինգի առաջին «զոհը» դառնաք։
-Շուրջ 14 տարի համակարգում եմ, որից շուրջ 10 տարի՝ որպես դատավոր։ Եւ երբեւիցե նման իրավիճակ չեմ ունեցել, այսօր էլ չունեմ։ Պաշտոնավարման ողջ ընթացքում մեր գործունեությունը հրապարակային է հասարակության համար, յուրաքանչյուր օր բարեվարքության տեսանկյունից քննություն ենք բռնում։

