Այն, ինչ այսօր մենք անվանում ենք հայկական կողմ, անձամբ ինձ համար գոյություն չունի։ Ի՞նչ հայկական կողմ, եթե այդ կողմի ղեկավարը անմեղսունակ է, դավաճան է, մի քանի միլիարդ դոլարով վաճառքի է հանել մեր հայրենիքը և այսօր էլ շարունակում է վաճառել այդ հայրենիքը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Արկադի Վարդանյանն ՝ անդրադառնալով մինչև հունվարի 30-ը Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպմանը, որի ընթացքում քննարկելու են Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը։
««Հայկական կողմ» ասած հասկացությունը, ոչ թե պայմանական ասած, այլ իրականում գոյություն չունի, ինչ վերաբերում է երկաթուղուն, եթե նկատել եք, ես և իմ գաղափարակից ընկերները բազմիցս խոսել ենք այն մղձավանջի մասին, որ տեղի է ունենում մեր երկաթուղում։ Ռուսները 2008 թ-ից պարզապես ոչնչացրեցին մեր երկաթգիծը։ Թալանեց, ապակառուցեց, սատկացրեց մեր երկաթգիծը։ Կարելի է ասել, որ մենք հիմա ոչ մի երկաթգիծ էլ չունենք, ո՞վ է կառուցելու այդ երկաթգիծը, որտեղով են անցնելու այն, ինչի՞ մասին են առհասարակ կողմերը խոսելու։ Ես կարծում եմ՝ մինչև մեր երկրի ղեկավարությունը բաղկացած չլինի ազգային արժեքներ և սկզբունքներ ներկայացնող մարդկանց խմբից, մենք որևէ դրական առաջընթացի մասին չենք կարող խոսել, դա պարզապես զավեշտ է։ Խոսում ենք այնպիսի բաների մասին, որոնք իրականում գոյություն չունեն։ Ու՞ր է գնում մեր փոխվարչապետը, նախ՝ նա ի՞նչ փոխվարչապետ, եթե մենք գիտենք, թե վարչապետն ով է, իրենից ինչ է ներկայացնում՝ կարող ենք շատ լավ պատկերացնել, թե իր փոխվարչապետներն ովքեր են, ովքեր են իր նախարարները»։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին Մոսկվա մեկնելուց առաջ խոսում էր այն մասին, որ քանի դեռ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը կյանքի չի կոչվել՝ 9-րդ կետի մասին խոսելը վաղաժամ է, մինչդեռ մենք պատրաստակամություն ենք հայտնում 9-րդ կետը կյանքի կոչելու ուղիների շուրջ քննարկումներ ունենալ՝ նա պատասխանեց. «Գերիներ, անհայտ կորածներ, զինվորների մարմիններ, այս ամենը հիմա համակարգում է Ադրբեջանը, ինչ ուզում, այն էլ անում է։ Այսօր էլի 31 զոհերի մարմիններ վերադարձրին, հիմա մեզ հայտնի չէ, թե այդ 31-ը ե՞րբ են զոհվել, նահատակվել են պատերազմի օրերին, թե այդ մարմինները իրենց մոտ հայտնված գերիներից են, բայց մենք արդեն ոչինչ չենք կարող անել, որովհետև այն, ինչ ստորագրվեց նոյեմբերի 9-ին՝ մեզ փաստացի զրկեց ոտքերից ու ձեռքերից»։
Վարդանյանն ասաց, որ երեկ իրեն փոքր -ինչ ոգևորել էր Էդմոն Մարուքյանի ելույթը Եվրոպայում, սակայն չի կարելի բացառել, որ վերադարձված մարմինները Մարուքյանի պահանջի պատասխանը չեն։ «Ամեն դեպքում՝ ընդհանուր առամամբ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ որևէ պահանջ ներկայացնելու հնարավորություն չունենք։ Ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ում կատարված փոփոխությունները մեր առջև որոշակի դռներ և պատուհաններ կբացեն, քանի որ ԱՄՆ-ը և Արևմուտքն, ընդհանուր առմամբ, չեն հանդուրժելու ռուս-թուրքական ազդեցության շարունակականությունը։ Ես չեմ կասկածում, որ զսպող մեխանիզմներ կներդրվեն, և մենք վերջապես մեջքներս ուղղելու հնարավորություն կունենանք, կհիշենք, թե ով ենք, ինչ ենք ուզում, որտեղ են ապրել մեր նախկինները ու ով է մեզ զրկում մեր հայրենիքում ապրելու հնարավորությունից։ Ես հույս ունեմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք կիրականացնենք մեր համազգային Նյուրնբերգը»։

