Քիչ առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետի, նրա եղբոր՝ ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորի և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն կատարելու վերաբերյալ:
Խոսքը 2009թ մայիսի 29-ին մարզպետ նշանակված Սարգիս Սահակյանի մասին է, նրա եղբոր՝ Նաիրի Սահակյանի եւ Կաքավաձորի նախկին համայնքապետ Սերյոժա Մուրադյանի մասին է։ Մարզպետին եւ եղբորը կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, իսկ նախկին համայնքապետը տվել է խոստովանական ցուցմունքներ եւ գտնվում է ազատության մեջ։
Իսկ ինչի մեջ են մեղադրվում այս պաշտոնյաները։ ԱԱԾ հաղորդագրությունից պարզ է դառնում, մարզպետը համայնքապետի հետ համաձայնության գալով իր եղբոր կողմից դեռևս 2005թ. Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35.200 ՀՀ դրամով գնված 7800մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը, նպատակը փոխելով՝ այն անհամեմատ բարձր գնով վաճառել է ՀՀ-ի անունից հանդես եկող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին։
Մարզպետի եղբայրը գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել է ինքնակամ շինություններ, ապա ազդելով համայնքի ղեկավարի վրա, դրդել են օրինական ճանաչել կառուցված 683,8 քմ մակերեսով ինքնակամ շինությունները, օրինական ճանաչված հասարակական շինության զբաղեցրած 0,78 հա հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել հասարակական կառուցապատման, ինչպես նաև որոշման մեջ կեղծ տեղեկություններ ներառել այն մասին, որ ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման անվտանգության գոտիներում, որը հիմք է հանդիսացել պետական գրանցման համար:
ArmDaily.am-ի հետ զրույցում Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավար Սերյոժա Մուրադյանը նշեց, որ առերեսում չի եղել և որ նախկին մարզպետի կողմից իր նկատմամբ ճնշում կամ իր վրա ազդելու փորձ չի եղել։ «Ես խոստովանել եմ միայն առանց օրինական թույլտվության շինարարության իրականացման փաստը։ Բայց դա «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունից առաջ է եղել։ Ես խոստովանել եմ միայն ինքնակամ շինարարության մասով, պիտի թույլատվություն վերցներ՝ դա չի արվել, թե չէ ուրիշ բանի վերաբերյալ չեմ ընդունել»,-ասաց Մուրադյանը։ Նա հավելեց նաև, որ գյուղապետը չի կարող հողերի նշանակությունը փոխել՝ դա կառավարության գործառույթն է։ Սերյոժա Մուրադյանը դեռևս տեղյակ չէ, թե իրեն կոնկրետ ո՞ր հոդվածներով են մեղադրանքներ առաջադրել։
ArmDaily.am-ը փորձեց կապ հաստատել նաև Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարները կամ չէին գործում կամ անհասանելի էին։

