Քիչ առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետի, նրա եղբոր՝ ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորի և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն կատարելու վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ պաշտոնյաների անվանումների առաջին տառերից եւ նրանց կառավարման ժամանակահատվածից պարզ է դառնում, որ խոսքը 2009թ մայիսի 29-ին մարզպետ նշանակված Սարգիս Սահակյանի մասին է։ Գործով անցնող անձանցից է նաեւ նրա եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, ով եղել է ՀՀԿ-ից պատգամավոր։ Մեղադրյալի կարգավիճակում հայտնված մյուս պաշտոնյան Կաքավաձորի նախկին համայնքապետ Սերյոժա Մուրադյանն է։ Մարզպետին եւ եղբորը կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, իսկ նախկին համայնքապետը տվել է խոստովանական ցուցմունքներ եւ գտնվում է ազատության մեջ։
Իսկ ինչի մեջ են մեղադրվում այս պաշտոնյաները։ ԱԱԾ հաղորդագրությունից պարզ է դառնում, մարզպետը համայնքապետի հետ համաձայնության գալով իր եղբոր կողմից դեռևս 2005թ. Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35.200 ՀՀ դրամով գնված 7800մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը, նպատակը փոխելով՝ այն անհամեմատ բարձր գնով վաճառել ՀՀ-ի անունից հանդես եկող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին։
Մարզպետի եղբայրը գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել է ինքնակամ շինություններ, ապա ազդելով համայնքի ղեկավարի վրա, դրդել են օրինական ճանաչել կառուցված 683,8 քմ մակերեսով ինքնակամ շինությունները, օրինական ճանաչված հասարակական շինության զբաղեցրած 0,78 հա հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել հասարակական կառուցապատման, ինչպես նաև որոշման մեջ կեղծ տեղեկություններ ներառել այն մասին, որ ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման անվտանգության գոտիներում, որը հիմք է հանդիսացել պետական գրանցման համար:
Ապա մարզպետը իր եղբորը համասեփականությամբ պատկանող հողատարածքը, ներառելով «Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» օտարման ենթակա տարածքների ցանկում, ընդամենը 35.200 ՀՀ դրամ աճուրդ-վաճառքով գնված հողատարածքը վաճառել է 139.923.733 ՀՀ դրամով։

