Քանի որ Սահմանադրությամբ ԱԺ ինքնալուծարման ինստիտուտը նախատեսված չէ, ենթադրում եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը, եթե նման գործընթացի գնալու ցանկություն ունենա՝ փորձելու է նոր կետ ավելացնել, տեխնիկական առումով իրենք կարող են փոփոխություն մտցնել այն հոդվածում, որը նախատեսում է փոփոխություն ոչ թե հանրաքվեով, այլ ԱԺ-ի կողմից, սակայն նմանատիպ հոդված ավելացնելու համար պետք է Սահմանադրական դատարանի դրական որոշումը։ Այս մասին ArmDaily.am –ի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
«Եթե ԱԺ-ով են ուզում այդ փոփոխությունն անել, ապա իրենք պատրա՞ստ են ՍԴ դիմել, թե ուզում են նորից Սահմանադրական ընթացակարգի խախտմամբ գնալ, դա է հարցը։ Այսինքն, առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ իրենք պետք է դիմեն ՍԴ»։
Նրա դիտարկմամբ՝ Աժ պատգամավորների մեծամասնությամբ ինքնալուծարման ինստիտուտը շատ սխալ և անհեթեթ երևույթ է։ «Սա մեկանգամյա փոփոխություն է լինելու՝ զուտ արտահերթ ընտրություն կազմակերպելու նպատակով, որովհետև, եթե երկրում քաղաքական ճգնաժամ է լինում խորհրդարանի և կառավարության միջև, խորհրդարանի ինքնալուծարման խնդիրը չպետք է թողնվի ԱԺ պատգամավորների հայեցողությանը, որպեսզի իրենք այդ որոշումը կայացնեն։ Այսինքն, այս դավաճանությունից հետո՝ իրենք փակուղային իրավիճակի մեջ են, բնականաբար, իրենք ուզում են դա անել, սակայն եթե փակուղային իրավիճակ է առաջանում՝ այդ իրավունքը բացառապես պետք է վերապահվի ՀՀ նախագահին, ոչ թե ԱԺ-ն պետք է որոշի, որ ինքը պետք է ինքնալուծարվի։
Հիմա եթե ինքնալուծարման միջոցով ուզում են ինչ-որ հարց լուծել՝ թող «Իմ քայլը» խմբակցությունը, որը 70 տոկոսից ավելի մանդատ ունի՝ բոլորը հրաժարվեն այդ մանդատներից, սա արդեն կնշանակի, որ չունենք ԱԺ և արդեն ստիպված կլինենք գնալ արտահերթ ընտրությունների, էլ ինչի են Սահմանադրություն փոխում, նման հիմարություն մտցնում։ Իրենց այդ հնարավորությունը տրված է, այդպիսով, հարցը կլուծվի»։ Հարցին, թե հետագայում ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել փոփոխությունը՝ նա պատասխանեց. «Մենք ներկայում ոտքից-գլուխ կեղտի մեջ թաթախված ենք, սրանից վատ հնարավոր չէ, ես հետագան պատկերացնում եմ, որ այս իշխանությունները չեն լինելու և մենք հանրաքվեի միջոցով ընդունելու ենք միանգամայն նոր, որակյալ ազգային Սահմանադրություն, ապագան ես այդպես եմ պատկերացնում։ Ի վերջո, որքան Սահմանադրությանը հաճախ են կպնում, այնքանով ապացուցում են, որ իրենք տխմար են, տգետ են և Սահմանադրությունից ոչ մի բան չեն հասկանում, դա գիտե՞ք ինչի է նման, երբ մարդն ունենում է հիվանդություն ու բժիշկը 100 անգամ վիրահատության է ենթարկում նրան, բայց հիվանդը, միևնույն է, չի առողջանում, դա նշանակում է, որ բժիշկն անգրագետ է»։

