ArmDaily.am-ի հետ զրույցում «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հակասական է համարում Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունը, որ նա արել է Ռուսաստանի կողմից՝ իր դաշնակցային պարտականություններն անխափան իրականացնելու մասով։
«Ավելի վաղ՝ նոյեմբերի 11-ին, Դավիթ Տոնոյանը հայտարարել էր՝ դա հրապարակային հայտարարություն է եղել, որ լրատվամիջոցները տարածել են, որտեղ ասվում էր, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների առումով կարելի է ասել տոտալ բլոկադայում ենք գործել։ Դա իր խոսքերն են։ Եթե Ռուսաստանն իր բոլոր պարտավորությունները կատարել է, ապա ի՞նչ տոտալ բլոկադայի մասին է խոսքը»,-հիշեցնում է Վրթանեսյանը։
Փորձագետը շեշտում է, որ քաղաքական իշխանության խնդիրն էր՝ անել ամեն ինչ, որպեսզի այդ բլոկադան չլիներ։ Պետք է հասկանալ, թե ինչո՞վ էր պայմանավորված տոտալ բլոկադան ու աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանի շուրջ։
«Եվ այստեղ հարց է առաջանում, եթե բլոկադա է եղել, ապա ինչպե՞ս է Ռուսաստանն իր պարտավորվածությունները կատարել, եթե կատարել է, ապա ի՞նչ բլոկադայի մասին է խոսքը։ Մի խոսքով շատ հակասական հայտարարություններ են։ Հիմա Հայաստանում արդեն Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով մի տեսակ ընդունված պրակտիկա է դարձել ոչ մի ասված խոսք, ոչ մի հայտարարություն նշանակություն չունի՝ հաջորդ օրը կարող է հակառակն ասվի։ Սա ընդունված պրակտիկա է»,-շեշտում է Կարեն Վրթանեսյանը։
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգողը ևս մի հարցադրում է առաջ քաշում. «Եթե տոտալ բլոկադա էր, ինչպես էր ստացվում, որ ռուս խաղաղապահները ժամանում էին, որտեղից ու ոնց են այդ սպառազինությունը բերել, և այլն»։
Հայկա Ալոյան

