Բաքվի արվարձանում տեղի ունեցած բնակելի շենքի պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Ադրբեջանի ԱԻՆ-ին։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԻՆ-ը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Խիրդալանի բնակելի շենքում, փլատակների տակ կարող են մարդիկ լինել:
«Արտակարգ իրավիճակների նախարարության վթարափրկարարական ուժերը շարունակում են որոնողափրկարարական գործողությունը երկհարկանի մասնավոր բնակելի շենքում, որը գտնվում է Աբշերոնի շրջան, Խիրդալան քաղաքում։ ԱԻՆ փրկարարները փլատակների տակից փրկել են 6 քաղաքացու, հայտնաբերել են մի կնոջ դի», - հայտնել են ԱԻՆ-ից։
Գերատեսչությունում հավելել են, որ փրկարարական գործողությանը մասնակցել են ԱԻՆ հատուկ ռիսկի փրկարար ծառայության 228 աշխատակիցներ, 19 միավոր տեխնիկա, չորս վարժեցված շներ, 20 հրշեջներ եւ հակահրդեհային երեք միավոր տեխնիկա:
«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի», - հայտնեցին ԱԻՆ-ից:

