Մենք հիմնավոր կասկած ունենք, որ Վահե Հակոբյանին նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսված։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանն՝ ընդգծելով, որ իրենց կարծիքն հիմնված է այն բանի վրա, որ Հակոբյանի նկատմամբ քրեական վարույթը սկսվեց այն ժամանակ, երբ նա որոշակի ակտիվություն սկսեց ցուցաբերել և հանդես գալ օրվա իշխանությանը քննադատելով։
«Իր վերջին հարցազրույցներից հետո իրեն հրավիրում են քննչական մարմին։ Մենք ծանուցագիր ենք ստացել ներկայանալու։ Բնականաբար, վարույթն իրականացնող մարմինը չի նշում, թե կոնկրետ ինչ քրեական գործով է կանչվում անձը։ Մինչև չներկայանանք՝ հստակ չեմ կարող ասել թե ինչ հարցով է, մի բան ակնհայտ է, սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջին, երբ այսօրվա գործող իշխանությունը նման գոծելաոճ է ընտրում և անձին ՝ կապված իր քաղաքական հայացքների հետ՝ սկսում են քրեական վարույթների մեջ ներառել»։
Նա ընդգծեց, որ ողջամիտ կասկած ունեն նաև, որ Հակոբյանի նկատմամբ կարող են նաև հարկադրանքի միջոց կիրառել։ Հարցին, թե պարոն Հակոբյանը ենթադրություններ ունի՞, թե կոնկրետ ինչ դրվագով կարող է իր նկատմամբ գործ հարուցված լինել՝ նա պատասխանեց, որ ենթադրում են, որ սա տիպիկ քաղաքական հետապնդում է, որն արվում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր օրվա իշխանությունների դեմ են հանդես գալիս։

