ԿԳՄՍՆ դիմել էր Առողջապահության նախարարությանը՝ մանկապարտեզներում ընդունելություն կազմակերպելու համար։ ArmDaily.am-ն այսօր ԿԳՄՍ նմախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց, թե ո՞ր փուլում է նախարարության դիմումի քննարկումը, արդյո՞ք հնարավոր է այս տարի պետական մանկապարտեզներում ընդունելություն լինի, քանի որ եթե մասսայական միջոցառումների մասնակիցների թվի սահմանափակումը հանված է, մասնավոր մանկապարտեզներում էլ ընդունելություն միշտ կա, ի՞նչ իմաստ ունի պետականում նման արգելքը։
Անդրեասյանը նշեց, որ պլանավորում են այս թեման քննարկել Առողջապահության նախարարության, քաղաքապետարանի, տարածքային կառավարման նախարարության հետ, քանի որ նախադպրոցական հաստատությունների գերակշիռ մեծամասնությունը համայնքային ենթակայության հաստատություններ են։ «Ես կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ մենք կկարողանանք փոխընդունելի լուծման գալ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ բացասական ազդեցություն է ունենում երեխաների զարգացման վրա նախադպրոցական ծառայություններից զրկված լինելը։ Կան բազմաթիվ հետազոտություններ՝ վաղ զարգացման ինդեքսին ուղղված, որոնք ցույց են տալիս, թե ինչ կարևոր է այդ փուլում երեխաների զարգացման համար համապատասխան ծառայություններ ստանալը։ Զարմանալի չէ, որ հենց այս պատճառով կառավարության ծրագրում՝ որպես առաջնահերթություն ամրագրված է, որ մենք ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում հասցնենք 70 տոկոսի»։
Նա ընդգծեց, որ սա ռազմավարական նպատակ է, միաժամանակ, սրան ուղղված մի շարք քայլեր ունեն նախարարության ծրագրերում։ «Մասնավորապես, առաջիկայում կհայտարարենք այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մրցույթը, որին կարող են մասնակցել այն համայնքները, որտեղ չկան նախադպրոցական ծառայություններ։ Մենք կտրամադրենք դրամաշնորհներ այդ ծառայությունն իրականացնելու համար։ Այնպես որ՝ սա մեզ համար, իրոք, շատ կարևոր խնդիր է և մենք կփորձենք, այնպես լուծում գտնել, որ թե առողջապահական իրավիճակը չվտանգենք, մյուս կողմից էլ հասկանալով, որ համավարակը մեզ դեռ տևական ժամանակ ուղեկցելու է՝ գտնենք պատշաճ լուծումներ, որպեսզի նախադպրոցական կրթությունը լինի հասանելի»։

