Վլադիմիր Պուտինը Գելենջիկում պալատ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Rossia1-ին տված հարցազրույցում:
«Պուտինն այնտեղ ոչ մի բան էլ չի անում, Պուտինը Գելենջիկում պալատ չունի»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին՝ արդյոք Պուտինը Գելենջիկում պալատ ունի և եթե ունի, ինչ է այնտեղ անում:
«Այն մասին, որ նախապատրաստվում են այսպես կոչված «մերկացումներ» և տեղեկատվական հարձակումներ, Կրեմլում վաղուց գիտեին: Դրանց նպատակը իրավիճակի ցնցումներն են: Այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, դա մաքուր սուտ է ու ամեն մարդ, ով նայում է այդ նյութերը, պետք է միացնի իր ուղեղը ու իրեն հարց տա՝ բայց ինչ կապ ունի այստեղ Պուտինը»,- ասել է Պեսկովը:
Նա նաև կասկածելի է համարել այն հանգամանքը, որ նախնական նյութը, ամենայն հավանականությամբ, եղել է անգլերենով՝ ինչու՞:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո ձերբակալվել էր, յութուբյան իր էջում հրապարակել է «Պալատ Պուտինի համար: Ամենամեծ կաշառքի պատմությունը» ֆիլմը:

