Արցախ գնալուց հետո, երբ մարդիկ իմացան, որ գնացել եմ՝ մարդիկ ընտանիքիս անդամներին վախեցած հարցնում էին՝ բա չեք վախենում։ Ասեմ, որ վախենալու բան չկա։ Այս մասին AD TV «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասաց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն՝ ընդգծելով, որ թերևս պետք է զգոն լինել։ «Խորհուրդ է տրվում գիշերով, մութ ժամերին չերթևեկել, գիշերով չմտնել Արցախ և լույսով դուրս գալ։ Ճիշտ է ունենալ անձնագիր, Ճանապարհին 7 պոստ կա, առաջին պոստը Աղավնո գյուղ չհասած, այնտեղ ԱԱԾ-ի տղաներն են ու միակ տեղն է, որտեղ անձնագիր են ստուգում, ապա ռուս խաղաղապահների պոստերն են 6-7 պոստ կա մինչև Ստեփանակերտ, դրանք բավական մոտ-մոտ են։ Բոլորը շատ քաղաքավարի են, հարցնում են՝ մինչև ուր եք գնում, երբեմն բեռնախցիկն են ստուգում։ Միաժամանակ, շատ խիստ վերահսկվում է Լաչինի ողջ միջանցքը։ Պոստերում գրանցում են մեքենան, այսինքն, հաջորդ պոստում գիտեն, որ այսինչ համարանիշով մեքենա է գալու և այսքան մարդ կա մեջը։ Միաժամանակ, Արցախում հաստատեցին, որ նաև արբանյակային վերահսկողություն է տեղի ունենում և, եթե անախորժ միջադեպ տեղի ունենա՝ անմիջապես հասնում են։ Այդ միջանցքում նաև չափազանց ապահով ես զգում»։
Անդրադառնալով Ստեփանակերտին՝ նա ընդգծեց, որ այն նոր պատերազմ տեսած քաղաքի տպավորություն չի թողնում առաջին հայացքից լուսավոր է, ինչպես միշտ մաքուր։ Բնական է, որ Արցախի մյուս շրջաններից մարդիկ են եկել Ստեփանակերտ, ու երբեմն կարելի է տեսնել խցանումներ, մարդիկ դրսում են, եռուզեռ կա։
Ավետիքյանն ընդգծեց, որ եթե մենք ակտիվ չմասնակցենք Արցախի տնտեսական, մշակութային, սոցիալական, քաղաքական կյանքին՝ տարիների ընթացքում կապը կկտրվի և Արցախը կկանգնի այլևս հայկական չլինելու վտանգի առջև: «Ես դա տեսնում եմ , դրա համար էլ փորձում եմ քաջալերել, որ գնանք, տարբեր առիթներն օգտագործելով։ Կարելի է անվտանգության հարցեր բարձրացնել, բայց եթե չգնանք, չմասնակցենք, չիրականացնենք տարբեր բնույթի միջոցառումներ, ապա կարող ենք մոռնալ Արցախի հայկական չլինելու մասին։ Անգամ կարծում եմ, պետք է դեսպանատուն բացենք, ինչ է եղել, ճանաչենք Արցախի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, ես սա ասում եմ, որպես ՀՀ քաղաքցի, սա իմ կարծիքն է։ Կարծում եմ սա նաև միջազգային հանրության համար ընկալելի կլինի։ Նախկինում չէինք ճանաչում Արցախի անկախությունը, կարծում էինք, դա բանակցությունների վրա բացասաբար կազդի։ Բայց այսօր արդեն ունենք նոր իրականություն։ Եղավ պատերազմ, որում մենք պարտվեցինք և կա այնտեղ մի բուռ հայություն, որոնք մեր հայրենակիցներն են, իսկ Արցախը մեր պատմական հայրենիքն է, եթե որևէ մեկը դա կժխտի իմ առջև՝ ես դա ոչ միայն հայանպաստ չեմ համարի, այլ չափազանց վտանգավոր՝ հայապահպանման համար»։

