ArmDaily.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
-Ինչո՞ւ «Իմ քայլը» խմբակցությունը առաջադրեց Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը:
-«Իմ քայլ» գոյություն չունի: Կա վարչապետ, վարչապետն էլ որոշել է, որ նա պետք է լինի ԲԴԽ անդամ, իսկ Ձեր ասած «Իմ քայլը»՝ այնտեղ խաղալիքներ են: Նրանցից որևէ մեկը չի համարձակվի ընդդիմանալ իրենց կուռքի որոշմանը: Այնպես որ «Իմ քայլի» հարցը պետք է դնենք մի կողմ:
-Այնուամենայնիվ՝ ինչո՞ւ հենց Գագիկ Ջհանգիրյանը:
-Վարչապետին անհրաժեշտ էր անձ, որը բացարձակապես որևէ սկզբունք չունի՝ բարոյական, մասնագիտական և այլն, և պատրաստ է հանուն իր պաշտոնի,այդ պաշտոնից ստացած բարիքների՝ կատարել ցանկացած հանձնարարություն: Շատ լավ իմանալով նրա այս հատկանիշները, որ նա եղել է 1995 թվականից մինչև 2008 թվականը՝ նրա ընտրությունը կանգնեց այդ անձի վրա:
-Ընդդիմությունը բոյկոտեց ԲԴԽ անդամների քննարկումն ու դուրս եկավ նիստերի դահլիճից: Ճի՞շտ էր արդյոք այդ գործելաոճը, թե պետք էր մնալ դահլիճում ու հարցերով նեղը գցել:
-Ես կանխատեսում էի նրանց կողմից քվեարկությանը չմասնակցելը,բայց ենթադրում էի,որ ինչ-որ հարցեր կտան: Նրանց հարցեր չտալը չբխեց այն բանից, ինչ որ ես կենթադրեի: Նկատի ունեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը, ես չեմ ասում մանդատը վայր դներ՝ դրա մասին չի խոսքը, բայց ինձ թվում էր, որ նրանք ընդհանրապես պիտի բոյկոտեն իշխանությունների ցանկացած նախաձեռնություն: Եվ հատկապես Ազգային ժողովի նախագահի գործակալ լինելու փաստից հետո նրան նույնպես պետք է բոյկոտեն: Երբ նրանք հանդիպումներ ունեցան ԲԴԽ անդամ թեկնածուների հետ՝ դա արդեձն ցույց տվեց, որ նրանք, պայմանական ասած, բավական կառուցող մոտեցում ունեն: Եվ ես չեմ բացառում, որ եթե «Իմ քայլը» չունենար 3/2 բավարար թվով ձայներ, ապա խորհրդարանական ընդդիմությունը նույնպես կմասնակցեր ընտրությանը՝ ասելով, որ մենք ազատ ենք քվեարկությանը մասնակցում: Բայց քանի որ նրանք շատ լավ գիտեին, որ անկախ իրենց մասնակցությունից նա միևնույն է անցնելու է, նրանք փորձեցին իրենց դեմքը փրկել: Բայց իրենց հարցազրույցները բավականին կառուցողական են՝ այսինքն խորհրդարանական ընդդիմությունը խաղում է երկու լարի վրա՝ մի կողմից՝ ցույց տա իրենց որպես արմատական ընդդիմություն՝ բոյկոտելով այս ընտրությունները իմանալով վերջնական արդյունքը, մյուս կողմից էլ հանդիպումներ է ունենում, քննարկումներ է կազմակերպում:
-Ազգային ժողովում քննարկման ժամանակ նրանց հարց տրվեց իր եռահարկ առանձնատան մասին, ինչին նա պատասխանեց, որ հարևանությամբ գտնվող դղյակների համեմատ դա գոմ է: Ինչպե՞ս կմեկնաբանեիք նրա այս հայտարարությունը:
-Այդպիսի մի պաշտոնյա կա, որ գլխապտույտ կարիերա արեց, կարծեմ Քյարամյան, որը նույնպես ինչ-որ ունեցվածք ուներ և այդ ունեցվածքի ծագումնաբանությունը նվիրատվություն էր և այլն: Հիմա էլ Ջհանգիրյանի բացատրությունները՝ գոմ,թե ինչ՝ դա ինձ չի հետարքրքում, համենայնդեպս, այդ առանձնատունը իր աշխատավարձով կառուցել չէր կարող՝ դա բոլորին է հայտնի: Եվ այստեղից հօդս է ցնդում ապօրինի գույքի այդ օրենքը, որն այն ժամանակ ինձ համար արդեն պարզ էր,որ գործելու է ընտրովի ու հենց Քյարամյանի ու Ջհանգիրյանի օրինակը ցույց է տալիս,որ այդ ապօրինի գույքի բռնազավթումը օգտագործելու են որպես քաղաքական լծակ այն նախկինների դեմ, ովքեր իրենց թրի տակով չեն անցել: Այսինքն այդ ամբողջ հակակոռուպցիոն պայքարը Ջհանգիրյանի նշանակումով հօդս ցնդեց: Իհարկե ընկալող քաղաքացիների համար ոչ թե այն անձանց համար,որոնք, ինչպես համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ համագործակցում են թշնամիների հետ կամ ստրուկ էին: Իսկ աչք ունեցող և ընկալունակ քաղաքացիների համար պետք է, որ ամեն ինչ պարզ լինի:
-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այն հայտարարությունը, որ ԲԴԽ-ն որպես կառույց ինքը պետք է անկախ լինի, որ կարողանա ապահովել դատավորների անկախությունը:
-Դուք երբևէ տեսել եք, որևէ մեկին Հայաստանի բոլոր իշխանությունների մեջ, այդ թվում այսօրվա վարչապետի կամ համաշխարհային պատմության մեջ ոևէ բռնապետի, որը չի ասում, որ դատարանները պետք է անկախ լինեն: Ես Ջհանգիրյանին չեմ համարում հիմար մարդ, ավելին, համարում եմ գրագետ մարդ, նաև չեմ բացառում, որ նա բավականին լուրջ իրավական գիտելիքներ ունի:Սա միկողմ,բայց լրիվ այլ հարց է մարդու որակը, ես որպես օրինակ բերեմ, որ խորհրդային միությունում մի հայտնի դատախազ կար՝ Անդրեյ Վիշինսկի: Նա իրավագիտության դոկտոր էր՝ շատ բարձր մակարդակի իրավաբան, բայց նա Ստալինի ձեռքի գործիքն էր և 30- ական թվականների բոլոր ռեպրեսիաները՝ խոշտանգումներով կատարվող ցուցմունքների կորզումը և նրա հայտնի խոսքն էր, որ ինքնախոստովանությունը ցուցմունքների թագուհին է: Այսինքն, ուզւոմ եմ ասել, որ իրավագիտությունը,գրագիտությունը որևէ կապ չունեն անձի մարդկային հատկանիշների հետ՝ ծառայելու և ցանկացած իշխանության հրահանգները կատարելու համար: Իսկ Ջհանգիրյանը ցույց է տվել իր ողջ մանսագիտական կյանքի ընթացքում իր՝ և խոշտանգումներով ցուցմունքներ կորզելը ռազմական ոստիկան եղած ժամանակ, և ընտրակեղծիքները և իր շքեղ առանձնատունը՝ որպես կոռուպցիայի վառ դրսևորում:
Զրուցեց Հայկա Ալոյանը

