Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Հայաստան: Զարիֆը նաև նախատեսում է այցելել Մոսկվա, Բաքու և Թբիլիսի: Նա հայտնել էր, որ մտադիր է այցելել այն երկրները, որոնք կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատել:
ArmDaily.am-ի հետ զրույցում իրանագետ Ահարոն Վարդանյանն ասաց, որ ցանկացած այց ինքնին հնարավորություն է, սակայն ոչ թե պետք է նստենք ու սպասենք թե ինչ կարող է լինել, այլ պետք է այդ այցից օգտվենք ու մեր ազգային շահին համարժեք ինչ-որ առաջարկ ներկայացնենք, մեր օրակարգը հստակ ներկայացնենք, թե մենք ինչ ենք ուզում, ոչ թե սպասենք, թե մեր ինչ կառաջարկի Զարիֆը, ինչ կառաջարկի Լավրովը կամ մյուսը։
«Հայ-իրականական հարաբերությունները վերջին 3 տարում կարծես թե սպասման փուլում են և այստեղ կան բազմաթիվ հնարավորություններ, որոնցից պետք է օգտվենք, ես չեմ տեսնում, որ այստեղ կա հայ-իրանական հստակ ձևավորված օրակարգ, թեև Արցախյան պատերազմից հետո էլ ավելի շատ հարցեր կան քննարկելու։ Մասնավորապես, Մեղրիի միջանցքի հարցը, թուրքական ապրանքները էմբարգոյի տակ լինելու հարցը, նոր ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունները, նոր՝ թեև կրճատված սահմանները։ Կարծում եմ, քննարկման դաշտը բազմազան է, հետևաբար, ոչ թե մենք պետք է սպասեինք այս այցին, այլ ինքներս նախաձեռնեինք այց»։
Դիտարկմանը, թե պատերազմի օրերին իրանական մոտեցումներն ամենևին էլ հայանպաստ չէին, նա նշեց, որ եթե մեր կողմից քայլ չի արվում, ապա ինչո՞ւ պետք է մեղադրենք հակառակ կողմին։ «Մենք պետք է կարողանանք ագրեսիվ, նախաձեռնող քաղաքականություն վարել, ոչ թե համեմատության մեջ դիտարկենք մեր հարաբերությունները Իրանի հետ և Ադրբեջանի հարաբերությունները Իրանի․ և ըստ այդմ կառուցենք մեր հարբերությունները։ Ժամանակին ադրբեջանական կողմն էր կապում հայ-իրանական հարբերությունները, հետո չգիտես ինչու՝ ստացվեց հակառակը, Հայաստանն էր փորձում հասնել Ադրբեջանի հետևից, Ադրբեջանն ինչ-որ քայլ էր անում, մենք փորձում ենք հակազդել ու մտնում ենք Ադրբեջանի առաջարկած խաղի մեջ, արդյունքում պարտվում ենք։ Մինչդեռ, մենք պետք է մեր խաղն առաջարկենք, որի կանոնները գիտենք, ոչ թե մտնենք մի խաղի մեջ, որի կանոններին ծանոթ չենք և չգիտենք, թե մեզ ինչ է սպասվում։ Մենք պետք է նաև շատ ակտիվ լինենք խորհրդարանական դիվանագիտության ոլորտում, ի վերջո, խորհրդարանական երկիր են, ավելին․ Իրանի խորհրդարանի նախագահը բավականին ազդեցիկ դեմք է և իր հեղինակությամբ չի զիջում, գուցե փոքր–ինչ ավելի առավելություն ունի Զարիֆի նկատմամբ, նա Պահապաների կորպուսից է և ներկայացնում է իր ցեղը։ Ներկայումս քննարկվում է, որ այս կառավարությունից հետո իշխանության կարող են գալ պահպանողականները։ Եթե նկատեցիք, ես անընդհատ անցյալով եմ խոսում, որովհետև ներկայում ոչինչ չի արվում»։
Դիտարկմանը, թե էկոնոմիկայի Վահան Քերոբյանը մեկնել է Իրան՝ նա պատասխանեց․ «Մինչ իշխանափոխությունը հայ-իրանական հարաբերություններում մեծ ակտիվություն կար, կար բարձր քաղաքական երկխոսություն, քաղաքական հարաբերություններ, ինչը փորձ էր արվում տեղափոխել տնտեսական հարթություն, քանի որ մշտապես շեշտվում էր, որ չնայած բարձր քաղաքական հարաբերություններին՝ առևտրատնտեսականը կաղում է, սակայն եղավ 2018 թ-ը և հայ-իրականան բնագավառն էլ ձախողվեց ու թե ինչ ունենք հիմա՝ ես գոնե տեղյակ չեմ, բայց կան բազմաթիվ հնարավորություններ ու վարման համար պարարտ հող։ Պարզապես․ անկեղծ ասած՝ այս իշխանություններից ես որևէ բան չեմ էլ ակնկալում ու հավատում, որ որևէ բան կարող է լինել։ Ամեն դեպքում կարծում եմ քննարկման օրակարգում կլինի երկաթուղու հարցը, կար նաև Հյուսիս-Հարավը, ոչ չգիտես ինչու հիմա սառեցված է։ Եթե նախկինում գոնե դանդաղ, բայց ճանապարհը կառուցվում էր, հիմա դա էլ չկա։ Կարծում եմ, գոնե Մեղրու հատվածի կառուցումը պետք է քննարկել, որպեսզի իրականան ներդումներով կամ իրանական ընկերությունները մասնակցեն շինարարությանը։ Դա Հայաստանի իշխանությունների կողմից հստակ մեսիջ կլինի, որ Հայաստանը Սյունիքը չի հանձնում, քանի որ այն մեր հարավային դարպասն է ու մեզ համար շատ կարևոր է»։

