Եթե մենք նախկինում շատ խիստ քննադատում էինք մեր արտաքին քաղաքականությանը պասիվության, պաշտպանողական դիրքերից հանդես գալու մեջ, հիմա ուղղակիորեն պետք է երազենք, որ ներկայիս իշխանությունների կողմից այդպիսի արտաքին քաղաքական աշխատանք տարվի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ «Հիմա մեր ԱԳՆ-ն բացարձակ չի աշխատում, դրա վառ օրինակը վերջին Արցախյան պատերազմն էր, երբ մենք տեսանք, որ Ադրբեջանը բոլոր ոլորտներում, ոչ միայն ռազմի դաշտում, այլև արտաքին քաղաքականության ոլորտում, տեղեկատվական պատերազմում, որը նույնպես պետք է ապահովեին մեր դիվանագետները և ներկայացուցիչները տարբեր երկրներում, ուղղակիորեն ոչ թե տանուլ տվեց, այլ ընդհանրապես անգամ չաշխատեց։ Ադրբեջանցիներին նույնիսկ ջանք ու եռանդ պետք չէր գործադրել, որպեսզի օտարերկրյա պետությունների հասարակություններին համոզեին, որ Հայաստանը ագրեսոր է, Հայաստանը ֆաշիստական պետություն է, որ Արցախը իրենց պատմական տարածքն է և այլ անհեթեթությունների մեջ։ Ես ցավով պետք է արձանագրեմ, որ մենք նաև այդ ոլորտում ցույց տվեցինք, որ մենք զրո ենք, եթե մինչ պատերազմը մենք շատ թույլ արտաքին քաղաքականություն ունեինք, և դա պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող արտաքին քաղաքականության հետ, ապա պատերազմից հետո մենք կարող ենք արձանագրել, որ ընդհանրապես արտաքին քաղաքականություն չունենք և սա ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները»։
Համբարյանի դիտարկմամբ՝ օբյեկտիվ պատճառն այն է, որ որևէ պարտված երկրի ներկայացուցչի այլ երկրներում չեն ընդունում պատշաճ մակարդակով և ձևով։
«Ես չեմ զարմանա, որ եթե նույն Արա Այվազյանը կամ Նիկոլ Փաշինյանը ցանկություն հայտնեն գնալ մեկ այլ երկիր՝ նրանց ընդհանրապես շատ կոպիտ մերժեն և ասենք՝ չգաք։ Դա միջազգային հարաբերություններում նորմալ է։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվում է ներհայաստանյան հարթությունում խաբել հասարակությանը և սեփական խայտառակությունը ներկայացնել որպես մեծ ձեռքբերում, մասնավորապես, տարբեր տվյալներով նա 5-7 հազար զինվորի գլուխ կերավ, հետո էլ դա վաճառեց հասարակությանը, որպես մեծ լավություն, որ դեռ շնորհակալ եղեք, որ 15-20 հազար մարդ չենք սպանել, իսկ դրսում այդ «պոնտերը» չեն անցնում։ Դրսում Նիկոլ Փաշինյանի աշխատաոճը վաղուց սերտված և վաղուց մարսված բաներ են։ Այդ ապուշությունները օտարերկրյա ղեկավարների կամ ԱԳՆ-ների մոտ չի անցնում և ուղղակիորեն նրանք իրենց հակակրանքն ու զզվանքը պարտված լիդերի և նրա ներայացուցիչների նկատմամբ հայտնում են, դա նաև եղավ Արա Այվազյանի դեպքում, երբ նա ներկայացնում էր Վրաստան այցը, որպես աշխատանքային, իսկ դրսում ասում են՝ դա քո մասնավոր այցն է։ Ասվածի վկայությունն է նաև հունիսի 20-ին սպասվող հանդիպումը Իտալիայում։ Իտալիայի կառավարությունը Իլհամ Ալիևին հրավիրեց մասնակցելու G-20-ի գագաթնաժողովին։ Իսկ ՀՀ կառավարությունը արհամարհված է։ Սա պատահական չէ, Նիկոլ Փաշինյանի տգետ մեթոդներով երկիրը կառավարելը, թե ինչ ուզենա՝ կանի, ինչպես ուզենա՝ կանի այդ ամենը ուղղված է նիկոլապաշտ զանգվածին և ժեխին, որ իրեն երկրպագում են, դրսում նա արհամարհված է որպես կապիտուլյանտ, որպես անձ՝ ով ծնկի է եկել այլ երկրի ղեկավարի առաջ։ Նա, մնալով այս վարչապետ իր նսեմացված վիճակով, ավելի մեծացնում է Ալիևի դերը՝ որպես իրեն նսեմացնողի ու իրեն հաղթողի»։
Անդրադառնալով Արա Այվազյանին՝ նա ընդգծեց, որ մինչ նրա նշանակումը՝ այդ անձին չի ճանաչել մեր դիվանագիտական կորպուսում։ «Նա շատ մոխրագույն զանգված է, գոնե ԱԳ նախարարը պետք է մի փոքր խարիզմա ունենա, և համապատասխան տեսք՝ երկիրը ներկայացնելու համար։ Արա Այվազյանը ոչ մեկն ունի, ոչ մյուսը, ոչ էլ խելք, որ երեքից գոնե մեկով գրավչական լինի, որպեսզի իրեն ընդունեն որպես պարտված երկրի ներկայացուցիչ։ Բայց սա դեռ ամենը չէ, կարծում եմ, մեզ դեռ ավելի մեծ խայտառակություններ են սպասվում, չզարմանաք, եթե Փաշինյանին ինչ-որ տեղ արհամարհեն տարբեր երկրների լիդերներ՝ չցանկանալով անգամ բարևել նրան»։

