ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվել է ԲԴԽ անդամների ընտրության հարցը ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն բոյկոտել են նիստը։ «Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և ՀՔԾ պետ՝ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը։
ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ-ում հայտարարել է, որ չի գնում ԲԴԽ՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար, բայց եթե իրեն առաջարկեն՝ շոյված կզգա և կհամաձայնի, չի հրաժարվի։
ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը հայտարարել է, որ իրավական տեսանկյունից իր առաջադրումը խնդիր չունի։ Նա խնդիր չի տեսնում նաև հանրային վստահության տեսանկյունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով: «Ակնկալում եմ, որ մեր համագործակցությունը հնարավորություն կընձեռի առաջ մղել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները»,-ասված է ուղերձում:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ժողովրդավարությունն անգին է» վերտառությամբ հոդվածում դատապարտել է ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը և նշել, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն:
Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվելու հարցերով Մարդու Իրավունքների պաշտպանը դիմել է մի շարք միջազգային կառույցների ղեկավարների, այդ թվում ԵԱՀԿ գործող նախագահին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ՄԻԵԴ նախագահին։

