Թուխիկյանի ազատման մասին Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) հունվարի 20-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվեց ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից։ Մինչ փոխնախարարի պաշտոնում նշանակվելը Խաչատուրյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, իսկ 2019 թվականի հունիսին նշանակվեց ԿԳՄՍ փոխնախարար։ Ազատմանը նախորդել էր միջադեպ՝ Նկարիչների միության տանը։ Լրատվամիջոցներից մեկին հարցազրույցի տալու ժամանակ Թուխիկյանին է մոտենում մի կին ու նախատում լրագրողին, որ հարցազրույց են վերցնում Հայրենիքին դավաճանած կուսակցության ներկայացուցչից։ Թուխիկյանն իրեն նախատող կնոջը ոչինչ չէր պատասխանել ու այդքանով միջադեպը կարելի էր սպառված համարել։
Ռուսաստաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանը իր տելեգրամյան ալիքում տեղեկատվություն էր հրապարակել,որ երեկոյան Փաշինյանը, տեսնելով այդ տեսանյութը, հիստերիկայի մեջ էր ընկել ու պահանջել անհապաղ աշխատանքից ազատել Թուխիկյանին։ Ըստ Գաբրիելյանովի տեղեկությունների՝ Փաշինյանին ամենաշատը վրդովվեցրել էր այն փաստը, որ Խաչատուրյանը կնոջ նախատինքներին ոչ մի կերպ չէր հակադարձել։
Տելեգրամյան ալիքներից մեկը ավելի ուշ տեղեկություն տարածեց այն մասին, որ այս միջադեպից հետո Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Սարգսյանին և Հակոբ Սիմիդյանին խիստ հրահանգել է զգուշացնել իմքայլականներին, որ միշտ պատասխանեն կուսակցության հասցեին վիրավորանք հնչեցնողներին, այլապես նրանց հանդեպ խիստ պատիժ կկիրառվի։
Մենք կապ հաստատեցինք նաև Թուխիկյանին նախատինք տված Սվետլանա Հովակիմյանի հետ։ Նա ստեղծագործում է, հինգ մեծ վեպի հեղինակ է, ունի գեղեցիկ ընտանիք, գործում է, աշխատել է Հայֆլիմ կինոստուդիայում, իսկ այժմ «Ռոբերտ Սահակյանց Պրոդաքշըն» ստւոդիայում Դավիթ Սահակյանցի հետ է աշխատում։ Սվետլանա Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չէր սպասում նման բուռն արձագանքի, բացի այդ՝ վստահ էր, որ իրեն չեն նկարահանում, իսկ եթե այնուամենայնիվ նկարահանած լինի, ապա անպայման կհեռացնեն այդ հատվածը.«Մեր Հայրենիքը սուրբ է, իսկ հայրենիքի դավաճանությունը՝ սրբապղծություն։ Այսքանը միայն կարող եմ ասել այդ միջադեպի հետ կապված»։
Նշենք, որ ավելի վաղ Սվետլանան իր էջում ներողություն էր խնդրել միջադեպի հետ կապված։ ArmDaily.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը հերքեց, որ Թուխիկյանի ազատման պատճառը հայտնի միջադեպն է դարձել Նկարիչների միությունում։ «Դա սուտ, հորինված, մատից քաշված լուրեր են։ Եթե նկատել եք, ընդհանուր փոփոխություններ են կատարվում, ինչ-որ բան փոփոխելու կարիք կար և ընդհանուր ինչ-որ փոփոխություններ են կատարվում՝ այդ տրամաբանության մեջ է պետք նայել»,-ասաց Մանուկյանը։ Մեր հարցին, թե Թուխիկյանի աշխատանքի ոչ բավարար արդյունքն է եղել ազատման պատճառը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ասաց. «Փոխնախարարին նախարարն է նշանակում, իսկ նախարարը փոխվել է։ Ըստ երևույթին նախարարին է պետք հարցնել, կարող է գոհացրել է, ուրիշ ուղղությամբ է ուզում աշխատել, կարող է չի գոհացրել՝ չգիտեմ»։ ArmDaily.am-ը ԿԳՄՍ մամուլի բաժնից տեղեկացավ, որ մշակույթի գծով երկու փոխնախարար է նշանակվել 2018 թվականի հեղափոխությունից հետո, որոնցից մեկը Նարինե Խաչատուրյանն էր ու սա առաջին ազատումն էր այդ պաշտոնից։ ԿԳՄՍ-ից հերքեցին նաև Թուխիկյանին վարչապետի հրամանով ազատելու մասին տեղեկությունը. «Նարինե Խաչատուրյանը ազատվել է իր դիմումի համաձայն՝ ոչ ոք նրան աշխատանքից չի ազատել, նա ազատման դիմում է ներկայացրել»։ Նարինե Խաչատուրյանի հետ փորձեցինք կապ հաստատել, սակայն նրա հեռախոսահամարը շարունակաբար անհասանելի էր։
Նկատենք, որ հեղափոխությունից հետո ԿԳՄՍՆ-ում ամենաշատ փոխնախարարներն են փոխվել՝ Արեւիկ Անափիոսյան, Լուսինե Առաքելյան, Գրիշա Թամրազյան, անազատության մեջ գտնվող Գեւորգ Լոռեցյան եւ այլն։ Տեւական ժամանակ՝ թափուր հաստիքները չէին էլ համալրվում։
Նկատենք նաեւ, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց պետական կառավարման համակարգում ռեսթարթի անհրաժեշտության մասին, դրան հետեւեցին կադրային փոփոխություններ։
Այնպես որ՝ դժվար է ասել՝ Թուխիկյանի հեռանալը ԿԳՄՍՆ-ում երկար չդիմակայելու ավանդույթի շարունակությունն էր, ռեսթարթի շրջանակներում արված քայլ, թե պատճառը հայտնի միջադեպրն էր։

