Հայաստանի իշխանությունների՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական թիմի, արգելակներ չունեն։ Ամեն անգամ նոր հայտարարություններով եւ քայլերով «Իմ քայլը» եւ վարչապետը արժանանում են բուռն քննադատությունների, սակայն այդպես էլ դասեր չեն քաղում։
Տպավորություն է՝ կամ նրանք չեն տեսնում եւ չեն զգում, որ իրենց հասցեին հնչող քննադատությունների մեջ օբյեկտիվ, ռացիոնալ տարրը սկսում է ավելի գերակշռել, այսինքն՝ այլեւս այնպես չէ, որ քննադատողները նախկինները, սեւերը, իշխանության ձգտողներն են, կամ էլ նրանք թքած ունեն հանրության վրա՝ անում են այնպես, ինչպես հարմար է եւ ինչպես ցանկանում են։
Մեկը մյուսի ետեւից արած հայտարարություններն այլեւս դժվար է անզգուշություն կամ չիմացություն որակելը, տպավորություն է ստեղծվում, որ այո, այս քաղաքական թիմը սպասարկում է դավաճանական ուժերին, իր ոչ հայանպաստ եւ ոչ պետականամետ քայլերի համար ոչ թե ներում հայցում, փորձում բացատրել հանգամանքները, այլ որպես հիմնավորումներ բերում թշնամու թեզերը, որոնց հավատացել են Ադրբեջանում եւ նաեւ՝ շատ դեպքերում աշխարհում։
Այսօր փաստացի վարչապետը կրկնում է Ալիեւի թեզերը, որոնք թշնամու լրատվամիջոցները մեծ սիրով տարածում են։ Բավական է նշել, որ Հայաստանում չինովնիկները, եթե ցանկանում են որեւէ լրատվամիջոցի, լրագրողի վիրավորել, ասում են «հաքինազ», Ադրբեջանի սպասարկու, Ալիեւի պաշտպան։
Մենք, օրինակ, այդ գնահատականին արժանացանք, երբ համարձակվեցինք BBC-ից Շուշիի մասին ծավալուն, հետաքրքիր նյութ արտատպել՝ ռուսերենով, որտեղ նշված է «Շուշա», բայց միեւնույն ժամանակ գրել էին, որ հայերը այն Շուշի են ասում։
Ընդամենը այդ նյութը ռուսերենով արտատպելու համար մեզ անվանեցին «հաքինազ, Ալիեւից ֆինանսավորող, Ադրբեջանի պաշտպան» եւ այլն՝ առանց հասկանալու, որ նյութ արտատպելիս իրավունք չկա սկզբնաղբյուր հեղինակի տեքստը փոխել։ Իսկ այսօր վարչապետը դարձել է «Հաքքինի» սիրելի հերոսը, նրանց սրտի նյուզմեյքեռը։
Ինչեւէ, պատերազմի օրերին պաթոսը շատ էր, գրոհին դժվար էր դիմանալ, մենք հեռացրինք նյութը՝ ավելորդ կրքեր չբորբոքելու, լրատվամիջոցի դեմ արշավը սանձելու համար։
Ինչ էինք արել մենք, ընդամենը ներկայացրել Շուշի մասին հետաքրքիր հոդված հայտնի լրատվամիջոցից, որը թշնամական քարոզչամեքենայի մաս չէր, վտանգավոր մեսիջներ չուներ...։
Կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից և Շուշին թշնամուն հանձնելուց հետո առաջին անգամ մեր բաց վերքին վարչապետը աղ լցրեց, երբ հայտարարեց, թե «Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է»:
Քննադատությունները, հակափաստարկները, հայհոյանքները, վիրավորանքները չկանգնեցրին իշխող քաղաքական թիմին։ Նրանք ոչ միայն սկսեցին վտանգավոր մտքեր հայտնել, այլեւ կրկնել թշնամու թեզերը եւ հիմնավորումները։
Նիկոլ Փաշինյանը երեկ Հայաստանի ԱԺ ամբիոնից Ալիեւից ավելի ադրբեջանամետ գտնվեց եւ հայտարարեց, թե «Դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցած Շուշի քաղաքը հայկակա՞ն է».
Սա պատմության, կենսագրության, պայքարի խեղաթյուրում է, փաստերի մասնակի ցիտում եւ մեջբերում, այն, ինչ անում է մեր թշնամին։ Սակայն, եթե թշնամու քարոզչամեքենայի սպասավորները համարձակվում են այսպիսի «ճշմարտություններ» հրամցնել՝ անմիջապես արժանանում են կոշտ արձագանքի։ Սակայն, ավաղ, երեկ խորհրդարանում չտեսանք այդ արձագանքը, վարչապետի ադրբեջանամետ փաստարկին հակադարձողներ չեղան:
Վարչապետը շարունակում է «հպարտանալ» մեր ամենամեծ պարտությամբ, ստորագրված խայտառակ կապիտուլացիոն փաստաթղթով եւ երկրի առաջ ծառացած խնդիրներով։ Այսօր, երբ մեր ամենամեծ խնդիրը եւ իշխանության քննադատության թիվ մեկ պատճառը գերիների վերադարձն է, Փաշինյանը հայտարարում է, թե «նախկինում էլ են եղել գերիներ, ինչու հրաժարական չեք պահանջել, ոչ մի անգամ էդպիսի ծավալով գերիների վերադարձ չի եղել»։
Սա նույնիսկ պրոֆեսիոնալ մանիպուլացիա չէ, այլ շատ պարզունակ բառախաղ։ Նախկինում երբեք այսչափ գերի չի եղել, 90-ականներին գերիների վերադարձը պատշաճ իրականացվել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Իսկ հրաժարական ժողովուրդը պահանջել եւ հասել է 2018թ-ին՝ չդիմանալով ՀՀԿ-ի տարիներ շարունակ երկիրը թալանելուն, ընտրությունները կեղծելուն, կոռուպցիային, անարդարությանը, արտոնյալների խավին, կլանների կառավարմանը...։ Սակայն այս ամենը ոչինչ է 44օրյա պատերազմում մեր պարտության, 2,5 տարվա կառավարման ընթացքում «հեղափոխական ձեռքբերումների միֆերի» փլման, հազարավոր զոհերի եւ վիրավորների, տարածքային կորուստների, Հայաստանի անվտանգությանը սպառնացող խնդիրների, երկրի սոցիալ-տնտեսական խայտառակ վիճակի կողքին...Այո, այս իշխանությունը պետք է հեռանա ոչ միայն այս ամենի պատճառով, այլեւ այս ամենը ընդունելու եւ թշնամական թեզերով դրանք արդարացնելու համար։ Վարչապետը, ով ԱԺ ամբիոնից կրկնում է Ալիեւի թեզերը, չի կարող մասնակցել որեւէ բանակցության մեր թշնամու հետ եւ հասնել հայամետ որոշման։

