Եվրոպական խորհրդարանում հունվարի 20-ին ընդունվել են «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերը: Դրանցից առաջինում առանձին կետով անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի խնդրին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևով Եվրախորհրդարանն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը,
խիստ քննադատել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը, և այդ կապակցությամբ կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վավերացնել Կասետային զինատեսակների մասին կոնվենցիան:
Եվրախորհրդարանը բանձևով նաև ընդգծվել է, որ հարատև կարգավորումը դեռ գտնված չէ, և խաղաղության հասնելու տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի վերջինիս Հիմնարար սկզբունքների վրա: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ապահովվի հայկական բնակչության և հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը, ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր անվտանգ վերադարձը:
Բացի այդ, բանաձևով կոչ է արվել պատշաճ ուսումնասիրության ենթարկել պատերազմական բոլոր հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Բանաձևի առանձին՝ 38-րդ կետով Եվրոպական խորհրդարանը խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը, որն էլ ավելի է խաթարում Հարավային Կովկասում փխրուն կայունությունը: Կոչ է արվել Թուրքիային զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում որևէ միջամտությունից, ներառյալ՝ Ադրբեջանին ռազմական օգնություն առաջարկելու տեսքով, և հետ կանգնել իր ապակայունացնող գործողություններից ու ակտիվորեն խթանել խաղաղությունը: Քննադատվել է Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղափոխումը Սիրիայից և այլ վայրերից դեպի ԼՂ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

