Նախկինում հարյուրավոր զինվորական գերիներ են վերադարձվել, մի ահռելի մեծ մասը տեղի է ունեցել դաշտային փոխանակումների միջոցով, դրանց Կարմիր խաչն էր նպաստում, մասնավոր անձանց միջոցով էր տեղի ունենում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նախկինում երբեք այս թվաքանակով գերիների փոխանակում չի եղել, նախկինում էլ բազմաթիվ գերիներ են եղել, ինչո՞ւ նախկինում հրաժարականի պահանջ չէր հնչում։
«Եթե Նիկոլ Փաշինյանը միայն հիշում է ու նկատի ունի Պրիմակովի առաքելությունը, որը տեղի է ունեցել պատերազմից հետո՝ 1995 թ-ին՝ «Բոլորը՝ բոլորի» դիմաց ձևաչափով, երբ 35 տարբեր հանրապետություններից տարբեր քրեական հանցագործների, որոնք նստած են եղել ադրբեջանական բանտերում, որոնցից միայն 7-ն էին մեր զինվորական գերիներից, ապա ասեմ, որ մինչ այդ 100-ավոր մարդիկ են վերադարձվել։ Դա նաև Հայաստանի և Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունների և մեր կազմակերպության միջոցով է եղել։ Մինչև 2001թ-ը միակն է եղել, որ զբաղվել է այդ հարցերով այն բանի շնորհիվ, որ բոլորի հետ ժամանակին համագործակցություն է եղել՝ թե Հայաստանի, թե Ադրբեջանի, Վրաստանի ու Ռուսաստանի ինչպես պետական մարմինների, այնպես էլ մասնավոր անձանց և հասարակական կազմակերպությունների հետ։ Այնպես որ երևի քաղաքացի Փաշինյանին իրազեկել են միայն նշված 35 հոգու վերադարձի մասին, սակայն մեր ցուցակներում 1000 -ից ավելի անուններ կային զինվորական գերիների և պատանդների՝ խաղաղ բնակիչների, այո, դրանցից ինչ-որ թիվ մնացել են անհայտ կորածի կարգավիճակով, փաստվել է, որ այլևս հնարավոր չէ դրանց մասին տեղեկություն վերցնել, բայց 100-ավորներն էլ վերադարձվել են»։
Անդրադառնալով Փաշինյանի դիտարկմանը, թե նախկինում էլ գերիներ են եղել, ինչո՞ւ նախկինում գերիներին չվերադարձնելու համար հրաժարականի պահանջ չէր հնչեցվում՝ Ալավերդյանն հարցրեց, սա նշանակում է Նիկոլ Փաշինյանը եկել է շարունակի՞ հների բացթողումները, թե՞ եկել է շտկելու։ «Սա խեղկատակություն է, մենք պետք է հստակեցնենք, որ ոչ իրավիճակին, ոչ թվերին չի տիրապետում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, իսկ հիմնավորումները վերին աստիճանի թույլ են, անհիմն խոսում են այն մասին, որ նա ցանկանում է այսօրվա բոլոր բացթողումները քողարկել հների անվան տակ, բայց չէ՞ որ հենց դրա համար էլ հներին հանեցինք»։
Ինչ վերաբերում է ընդդիմությանն ուղղված մեղադրանքներին, թե գերիների հարցը ընդդիմությունը քաղաքական շահարկումների առիթ է դարձել ՝ իշխանության գալու համար՝ Ալավերդյանն ընդգծեց, որ կարելի է հատորներ գրել քաղաքական մեծամասնության կողմից շահարկումների մասին։
«Խոսքն այն մասին է, որ հենց ինքն է շահարկում՝ փորձելով քողարկել, որ պետությունը չի կատարել իր պարտականությունը, քողարկում է, նրա պնդումները իրենց մեջ պարունակում են որոշ հանցագործությունների հատկանիշներ։ Հստակեցնենք, որ պետությունը, օրվա իշխանությունը պարտավոր է կատարել իր բոլոր գործառույթները՝ գերիների թվաքանակ ներկայացնելով ու պատշաճ մակարդակի թվերով սպասարկելով հասարակությանը, եթե դա իշխանությունները չեն անում, մնացյալը և շահարկում է, և մեղքի քողարկում է, և պարզապես չիմացություն, և անօգնականություն, և իրավիճակի չտիրապետման արդյունք։ Ի՞նչ է նշանակում նախկիններն էլ չեն արել։ Ինքը պետք է պատասխանի, թե ինչ է անում այսօրվա իշխանությունը, ինքն այսօր այլևս լրագրող կամ խմբագիր չէ, երբ իրեն հարցեր են ուղղում, ինքը պետք է սկսի և ավարտի նրանով, թե ինչ է արել կամ անում, ինչ պետք է անել, որ այս կամ այն խնդիրը լուծեն»։

