ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի կինը՝ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկայացել է ամերիկյան Markarian բրենդի զգեստով։
«Markarian» ապրանքանիշի հիմնադիրը Կոլորադոյում ծնված ու Նյու Յորքում ստեղծագործող սկսնակ մոդելավորող Ալեքսանդրա Օ'նեյլն է: Թեև հայերի շրջանում լայն քննարկումների առիթ է դարձել բրենդի անունը, սակայն «Markarian» բրենդի սեփականատերը հայկական արմատներ չունի, բայց իր ապրանքանիշն անվանակոչել է՝ ոգեշնչվելով այն աստղային գալակտիկայից, որը հայտնաբերել է հայ աստղաֆիզիկոսը։
Օ’Նիլը իր բրենդը ստեղծել է 2017 թվականին և այն բավական հաջողություններ է գրանցել:
«Markarian» բրենդի ինստագրամյան էջում տեղադրվել է Բայդենների լուսանկարը։ Լուսանկարին կից գրված է. «Պատիվ է տիկին Բայդենին երդմնակալության արարողությանը հագցնելը: Մենք հպարտ ենք, որ ամերիկյան պատմության այս նշանակալի օրվա գոնե մի փոքր մասն ենք»։
Առաջին տիկնոջ զգեստը զարդարված է մարգարիտներով և Swarowski քարերով։
Ջո Բայդենի կնոջ զգեստը հատուկ պատվերով է կարվել՝ անձամբ Ալեքսանդրա Օ ' Նեյլի ձեռքով։ Մոդելի ընտրված երանգը, դիզայների մտահղացմամբ, խորհրդանշում է վստահություն և կայունություն, ինչպես նաև դեմոկրատական կուսակցության ավանդական գույնն է։
Չնայած նորաձեւության բրենդի ներկայացուցիչը հրաժարվել է կիսել հագուստի արժեքով, սակայն բրենդի կայքում նմանատիպ զգեստները ավելի քան 2700 դոլար արժեն, իսկ նմանատիպ վերարկուները վաճառվում են մոտավորապես 2800 դոլարով։ Բրենդի կայքում դիմակներն արժեն 50-60 դոլար։

