Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը ներկայացրին Սյունիքի մարզ իրենց այցելությունները։ Մասնավորապես՝ պատգամավորներն այցելել են Որոտան և Շուռնուխ համայնքներում։
«Սյունիքի անվտանգության խնդիրները երեկ շատ հստակ դրել ենք։ Անվտանգությունը հստակ վտանգված է և Սիսիանի հատվածում, և Շուռնուխում, որտեղ անմիջապես կրակի տակ ես։ Այնտեղ 2-3 մետրի վրա ադրբեջանցիներ են կանգնած։ Այս GPS-ով սահմանազատումը խնդիրներ է առաջացրել ու պետք է վերանայել»,-ասաց Մելքումյանը։
Փաշինյանի՝ Շուշիի և Շուռնուխի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Իվետա Տոնոյանը ասաց. «Ընդդիմության կողմից հնչած որևէ հարցադրման Նիկոլ Փաշինյանը չի տվել։ Վարչապետը մանիպուլյացիաներ անելու գործում իրեն հավասարը չունի։ Մեր կողմից արված հարցադրումների մասով ոչ մի կոնկրետ պատասխան չհնչեց։ Վարչապետի կողմից փորձ է արվում իրենց կողմից ստորագրված խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրի խայտառակ հետևանքները դնել ընդդիմության վրա»,-ասաց Տոնոյանը։
Նա նշեց, որ հնարավոր էր ավելի քիչ մարդկային կորուստներով կանգնեցնել պատերազմը։ «40.000 անձինք Արցախից կորցրել են իրենց բնակարանները, հինգ հազար զոհ ունենք, 10.000 հաշմանդամ տղաներ։ Այս իշխանություններից Շուշիի և Արցախի հարցում որևէ ակնկալիք պետք չէ ունենալ»,-հավելեց Իվետա Տոնոյանը։
Մելքումյանը հայտարարեց, որ հնարավորություն կար Շուշին պահել հայկական վերահսկողության տակ, իսկ հետո նոր նախկին ադրբեջանցի փախստականների հարցը կսկսեր քննարկվել ու տեղում կփորձեին հասկանալ, արդյո՞ք վերադառնալու են, թե ոչ։
«Գորիսից 26 կմ էին առաջ դիրքերը, որոնք հետ ենք տվել։ Ո՞վ է իրավունք տվել բանավոր պայմանով սահմաններ գծել։ Ես նույնիսկ չգիտեմ, թե Խորհրդային Հայաստանի սահմանի քանի՞ տոկոսն ենք տվել»,-ասաց Մելքումյանը։

