ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին ժամվա ընթացքում Սպիտակ տանը չեղյալ է հայտարարել այդ պաշտոնում իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի մի շարք որոշումներ՝ ստորագրելով համապատասխան հրամանագրեր, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»- ն։
Մասնավորապես Բայդենը հրամանագրեր է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) եւ կլիմայի Փարիզյան համաձայնագիր հետ վերադառնալու մասին։ Բացի այդ, նա հանձնարարել է դադարեցնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը եւ չեղարկել մուտքի սահմանափակումները մի շարք մահմեդական երկրներից, այդ թվում Սիրիայից, Իրանից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից եւ Եմենից:
Բացի այդ, նախագահը չեղյալ է հայտարարել արտակարգ դրության ռեժիմը՝ կապված ամերիկա-մեքսիկական սահմանին տիրող իրավիճակի հետ, Կանադայի հետ սահմանին Կիստոուն XL նավթամուղի կառուցումը, ինչպես նաեւ հրամանագիր է ստորագրել՝ կոչ անելով 100 օրվա ընթացքում ամենուրեք դիմակներ կրել:
Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն դուրս է եկել կամ պատրաստվում էր դուրս գալ մի շարք միջազգային ձեւաչափերից եւ պայմանավորվածություններից։ Ջո Բայդենը հայտարարել է նախագահության առաջին իսկ օրը իր նախորդի մի շարք որոշումներ չեղյալ հայտարարելու մտադրության մասին:
Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին, նա դարձել է ԱՄՆ-ի 46-րդ նախագահը: Արարողությանը ներկա են եղել հեռացող փոխնախագահ Մայք Փենսը, նախկին նախագահներ Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օբաման եւ Բիլ Քլինթոնը՝ իրենց ամուսինների հետ: ԱՄՆ հիմնը կատարել է Լեդի Գագան։

