Ձմռանը տեղացած առատ ձյունը կրկին անակնկալի բերեց համայնքային իշխանություններին, մասնավորապես՝ Երեւանի քաղաքապետարանին։ Երեկվանից, ինչպես եւ զգուշացրել էր ԱԻՆ, առատ ձյուն է տեղում ամբողջ հանրապետությունում, ամենուր՝ փակ ճանապարհներ, բազմաթիվ վթարներ։ Այս պայմաններում, իհարկե, քաղաքացիներին օգնության է գալիս հումորը, քանի դեռ արեւ չկա եւ ձյունը չի հալել։
ԱԻՆ-ը զգուշացնում է, որ ճանապարհները պատվելու են մերկասառույցով՝ թերեւս շատ լավ ճանաչելով գործընկեր կառույցներին եւ իմանալով, որ այդ ճանապարհները պատշաճ մաքրում իրականացնող չկա։ Մնում է՝ «Լարսը փակ է» հաղորդագրությունից հետո քաղաքացիներին հայտնեն նաեւ, թե Հայաստանի որ քաղաքները կամ Երեւանի որ փողոցներն են բաց։
Այս պայմաններում, սակայն, արի ու տես, որ իշխանությունում, իսկ ավելի կոնկրետ քաղաքապետարանում դեռ մի քանի աշխատակից կա, ովքեր սազն առած գովերգում են կատարվող ձնամաքրման աշխատանքները, տեսանյութեր տեղադրում։
Իսկ թե ինչպես են կատարվում ձնամաքրման աշխատանքները, մենք բոլորս երեկվանից զգում ենք մեր մաշկի վրա։ Իհարկե, իշխանությունները կասեն՝ խնդիրը մաշկն է, պետք է փոխել այն։ Բայց այս դեպքում չեն կարող, քանի որ չմաքրված փողոցները նաեւ նրանք են վայելել, նրանք էլ մեր պես սահելով, գլորվելով մի քանի ժամում հասել են տուն կամ աշխատավայր։ Ասվածի վկայությունն այն է, որ այսօր ԱԺ նիստը դեռ չմեկնարկած՝ ընդմիջվել է, քանի որ բացակա պատգամավորները շատ էին։
Թերեւս դա է պատճառը, որ իշխանության իրականացրած ձնամաքրման աշխատանքներին պատգամավորները կամ այլ պաշտոնյաներ դիֆերամբներ չեն ձոնում։ Ի դեպ, տարօրինակ, բայց հասկանալի լռություն են պահպանում նաեւ իշխանության աջակից «օբյեկտիվ» անձինք՝ քաղհասարակություն, գործիչներ, օգտատերեր, ովքեր այս անգամ չեն սրամտում, լուսանկարներ չեն տեղադրում։ Տպավորություն է, թե նրանք այլ ճանապարհներով են տուն գնացել կամ հատուկ նրանց համար ձնամաքրում են արել։
Այնպես որ, արդար չեք, ընկերներ, ազնիվ կլիներ այսօր եւս գրեիք՝ «սիրուն չի, Տարոն ջան, հեչ սիրուն չի, մաքրիր Երեւանը» կամ «Հունվարի ձյունը անակնկալի բերեց քաղաքապետարանին» եւ այլն։ Բայց քանի որ այլեւ «Տարոն ջանը» չկա, ամենաօբյեկտիվները լռում են սուպերլեգիտիմ քաղաքապետ եւ ամենակարեւոր պահերին արձակուրդ գնացող Հայկ Մարությանին ստատուսներ չեն ձոնում։
Իսկ մենք հերթական անգամ համոզվում ենք, որ այս իշխանությունները ոչ միայն անվտանգության, դիվանագիտության, գերիների վերադարձի, սոցիալտնտեսական հարցերը չեն կարողանում լուծել, այլեւ ամենատարրական թվացող մանրումիջին հոգսերը։ Այնպես որ անգամ ներկա իշխանությունները մեզ չեն կարող ազատել ձմռանը չմաքրված փողոցներից, այս «չար ձյունը» շարունակում է փչացնել մեր սիրելի պաշտոնյաների չեղած իմիջը։
Եւ ուրեմն՝ դասականի խոսքերով՝ կեցցե մեր ժողովուրդը, կեցցեն մեր երեխաները, կեցցենք մենք, որ կարողանում ենք ապրել սահադաշտերի քաղաքում՝ ապավինելով միմիայն արեւին եւ եղանակները տաքանելուն։

