Այն թվերը, որ տարբեր շրջանակների կողմից շրջանառվում են զոհերի վերաբերյալ, իրականությանը չեն համապատասխանում, խորհրդարանում այսօր հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Չափազանցված են։ Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չէ 766-ը։ Նույնականացման գործընթացում ավելի հստակ տվյալներ ենք ունենում և վերջնական ցուցակը հրապարակվելու է», - հայտարարեց Տիգրան Ավինյանը։
Ավինյանը նշեց, որ կան նաև անհետ կորածներ, սակայն չի ցանկանում թիվ հնչեցնել՝ ո՛չ զոհերի, ո՛չ անհետ կարծների վերաբերյալ, որովհետև վերջնական թիվը զեկույցով կներկայացվի ՊՆ-ի կողմից։ Ավինյանը վստահեցրեց, որ զոհերի թիվը չի գերազանցի 4000-ը և ՊՆ-ն վերջնական ցուցակների ճշգրտումով՝ գերիների, անհետ կորածների և զոհվածների նույնականացումներով կներկայացնի։
Ինչ վերաբերում է ծանր վիրավորումներ ստացած զինծառայողներին, ապա Ավինյանը հայտնեց, որ անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150 անձը։ «Ռազմական գործողությունների հետևանքով նման վիրավորումներ ստացած զինծառայողներին տրամադրվելու է լավագուն ստանդարտներով պրոթեզավորում և ապահովվելու է նաև այդ պրոթեզների սպասարկումը», – ասաց Տիգրան Ավինյանը։

