ArmDaily.am-ի զրուցակիցն է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը։
-Այս փուլում ընտրական օրենսգրքի փոփոխությունները ո՞ւր են հասել։
-Ազգային ժողովում ներգրավված է փորձագետ-իրավաբան, տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք իրար հետ համատեղ աշխատում են աշխատանքային խմբի խորհրդակցական մարմնին զուգահեռ։ Աշխատանքային խումբը կազմված էր Ազգային Ժողովի խմբակցություններից, բայց այս պահին օրենսգրքի հենց մշակման փուլում ներգրավված է Ազգային ժողովի պատգամավորներից միայն Համազասպ Դանիելյանը՝ մնացածները ներգրավվում են միայն քննարկումների ժամանակ։ Այսինքն, երբ որ կան հիմնականում հանրային քննարկումներ կամ տարբեր թեմատիկ քննարկումներ, այդ դեպքում մանակցում են նաև մյուս պատգամավորները։ Իսկ բուն աշխատանքային գործընթացում կազմակերպությունների խորհրդատվական մարմինը, որը մշակել է ընթացակարգային մասը, այսինքն այն հատվածը, որը վերաբերում է հանձնաժողովներին, քարոզչության ֆինանսավորմանը, քարոզչության ընթացքին ու կարգավորումներին ԶԼՄ-ներով ու այլ միջոցներով։ Դրանք հիմնականում մշակված են, դրանք հանրությանը ներկայացվել են տարբեր ֆորմատներով ու հույս ունենք,որ հենց այդ տարբերակով էլ կընդունվեն։
-Ինչպե՞ս կարելի է կազմակերպել ու ի՞նչ ընթացակարգեր պիտի լինեն, որպեսզի հնարավորինս հասկանալի լինի ընտրողին ու մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։
-Ինչքան բարդ լինի պրոցեսը մանդատների բաշխման, քվեարկության կազմակերպումը, այնքան ավելի բարդ է լինելու հենց բուն քվեարկությունը ու այնքան ավելի շատ են մարդիկ օգնության կարիք ունենալու։ Իսկ ինչքան պարզ եղավ՝ այնքան ավելի հեշտ է լինելու քվեարկելը։ Այսինքն, զուտ ընթացակարգային առումով էլ պարզությունը ենթադրում է նաև քվեարկության պարզություն, ինչը մեզ համար ավելի նախընտրելի է։ Բայց թե քաղաքական ուժերն ինչ կորոշեն, դա արդեն իրենց համաձայնության դաշտում է։
-Անդրադառնանք նախընտրական պայքարի ֆինանսավորման նոր կարգին։ Ովքե՞ր կարող են ֆինանսավորել, որքա՞ն, ի՞նչ չափորոշիչներով եք առաջնորդվել։
-Ընտրական օրենսգիրքն ու կուսակցությունների մասին օրենքը մինչև հիմա մի քիչ հակասություն ունեին այն իմաստով, որ կուսակցությունները կարող էին իրավաբանական անձից ֆինանսավորում ստանալ՝ թեկնածուները ոչ, ինչը նշանակում էր, կուսակցությունը կարող է ֆինանսավորում ստանալ իրավաբանական անձից, փոխանցել թեկնածուներին կամ ընտրացուցակին։ Հիմա իրավաբանական անձանց ֆինանսավորումը ընդհանրապես վերացվել է, արգելվում է, շեմերը նախատեսված են տարբեր՝ դա բխում է ընտրություններից։Ազգային ժողովի ընտրությունների համար մի քիչ ավելի բարձր շեմ է, անհատական, ՏԻՄ ընտրությունների դեպքում ավելի քիչ։ Հիմնականում ամբողջ ընտրանական պրոցեսի քարոզչության անկանխիկ եղանակը, որպեսզի հնարավորինս հաշվետու լինեն կուսակցությունները, թե ինչ ծախսեր են կատարում այդ նախընտրական հիմնադրամներից։ Նախընտրական հիմնադրամի չափը այս պահի դրությամբ ավելացնելու հարց չի քննարկվել, այնքան է, որքան որ նախատեսված էր, եթե չեմ սխալվում 350 միլիոն դրամ։ Առավելագույն շեմ կա նախատեսված՝ նախկինում առավելագույն շեմը ներառում էր միայն ուղիղ քարոզչության հետ կապված ծախսեր՝օրինակ գովազդի, համերգի, տպագրության հետ կապված։ Հիմա օրենքով նախատեսվում է, որ քարոզչության փոխարեն ավելի շատ օգտագործվի քարոզարշավ տերմինը ու քարոզարշավը իր մեջ ներառում է ընտրությունների գրանցումից հետո մինչև քվեարկության օրվա ժամանակահատվածը, որի ընթացքում արված ցանկացած ծախս պետք է լինի հիմնադրամից։
-Եվ որո՞նք են այդ ծախսերը։
-Դա ենթադրում է վերադիր ծախսերը, դա ենթադրում է տրանսպորտային ծախսերը, մարդկային ռեսուրսների հետ կապված ծախսերը արդեն հենց բուն գովազդային պիտի կատարվեն հիմնադրամից ու բոլորը պիտի կատարվեն անկանխիկ եղանակով։
-Նոր օրենսդրությամբ ռեյտինգայինը դուրս է գալիս՝ մնում է միայն համամասնականը։
-Ես գիտեմ դա որպես նախընտրելի տարբերակ՝քվեարկության գործընթացը դա շատ հեշտացնում է։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի այդ ուղով գնալ ու ունենալ նախաքվեարկության հեշտ մեխանիզմներ։ Այսինքն, եթե կուսակցությունը հետաքրքրված է, որ քաղաքացիները մասնակցեն ցուցակի ձևավորմանը՝ դրա համար կարելի է ստեղծել գործիքներ, որոնք պարտադիր չլինեն տեղամասում։ Նախատեսվում է նաև, որ արդեն կուսակցությունների մասին օրենքում նախատեսվել է, որ հերթական ընտրությունների ժամանակ կուսակցությունն իր ցուցակը անպայման հաստատում է ընդհանուր ժողովով, համագումարով։ Այստեղ խնդիրն այն է, որ երբ բերվում է փաստարկը, որ ընտրողները պետք է մասնակցեն ցուցակի ձևավորմանը։ Փաստացի ընտրության ժամանակ ընտրողին տրամադրվում է ցուցակ,որի մասնակիցներն արդեն ընտրված են, այսինքն ընտրողն արդեն իսկ ունի շատ սահմանափակ ընտրություն։ Բայց եթե լինի նախաքվեարկության արդյունավետ գործիք, որտեղ ընտրողները կամ կուսակցության անդամները շատ ավելի ակտիվ կմասնակցեն կուսակցության ձևավորմանը, առանց դա խառնելու քվեարկության գործընթացի հետ՝ կարծում եմ,որ ավելի արդյունավետ կլինի։ Ու այս դեպքում կուսակցությունը ընդունելով որպես խորհրդատվական ձայն ցուցակի կազմման ընթացքում ՝ կարող է արդեն ներկայացնել այդ ցուցակը որպես փակ ցուցակ քվեարկության ժամանակ՝ համամասնական պարզ ընտրակարգով քվեարկելու համար։
-Նոր օրենսդրությամբ սահմանվելո՞ւ են ընտրությունների ժամանակ վարչական լծակների կիրառման կամ չարաշահման դեպքերը նվազագույնի հասցնելու համար նախատեսված դրույթներ։
-Իմ կարծիքով ամենակարևոր փոփոխություններից մեկն այն է, որ այս օրենսգիրքը շատ ավելի հստակ, շատ ավելի մանրամասն ներկայացնում է՝ ինչ է նշանակում վարչական ռեսուրս։ Որովհետև այն, ինչ-որ նախատեսված էր գործող օրենսգրքով, սակայն դա հեշտ ներկայացվում էր որպես ոչ վարչական ռեսուրս։ Օրինակ,եթե հիշենք 2017-ին ուսուցիչների հետ կապված պատմությունը, երբ տնօրենները ուսուցիչներին հավաքագրում էին հանրապետական կուսակցության համար, էս դեպքում մեզ ասում էին, որ դա վարչական լծակների օգտագործում չի՝ դա կուսակցական գործունեություն է։ Հիմա կուսակցությունների մասին օրենքում ավելի է հստակեցված, որ չի կարելի պաշտոնական դիրքը օգտագործել կուսակցական շահերի կամ այլի համար և ընտրական օրենսգրքով սահմանում է վարչական ռեսուրսը, թե դրա օգտագործման արգելքը, թե երբ չի կարելի քարոզչություն անել։ Օրինակ՝ հստակ սահմանվում է, որ չի կարելի է քարոզչությունը ծավալել գործուղումների հետ, ինչը մենք նախկինում շատ ունեինք։Քարոզչության գործընթացին մասնակցել կարելի է միայն աշխատանքային ժամերից հետո, ոչ թե ի պաշտոնե կամ ինչ-որ լղոզված տարբերակներ էին բերում, տարօրինակ ձևակերպումներով կարողանում էին շրջանցել։ Կան նաև քրեական-վարչական օրենսգրքերում պատիժներ սահմանված, քրեականում կոնկրետ պատիժ սահմանված՝ քարոզչության մեջ ներգրավվելու, հարկադրելու, կամ մասնակցելուն հարկադրելու մեջ, և դա ծանր հանցագործություն է դիտվում, եթե հարկադրողը պետական պաշտոնյա է։ Նույնկերպ վարչական ռեսուրսի օգտագործման համար կան նախատեսված տույժեր։
-Ե՞րբ հնարավոր կլինի իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ կամ երբ է դրա համար ամենահարմար ժամանակը։
-Իրականում շատ բարդ հարց է, որովհետև օրենսգրքի փոփոխություններում բավականին շատ փոփոխություններ կան։ Օրինակ՝ նույն այդ քարոզարշավի հետ կապված կարգավորումները՝ ֆինանսական հաշվետվողականության թափանցիկության հարցերն իրենց բնույթով բարդ են, կուսակցությունները պետք է սովորեն իրականացնել շատ ավելի լավ վարչարարություն, քան մինչ այդ կարող էին ու կանոնների փոխվելը ընդհանուր պրակտիկայի տեսանկյունից, առաջարկում են, որ միշտ լինի ընտրություններից մեկ տարի առաջ, որպեսզի ժամանակ ունենան ծանոթանալու։ Հիմա ստացվում է, որ այն փոփոխությունները, որոնք կարվեն, փաստացի,եթե ընդունվել են ամբողջ ծավալով, որով որ մենք կցանկանայինք՝ դրանք շատ ծավալուն են և ենթադրում եմ, որ եթե ընտրություները նախատեսվում են մոտավոր կամ մի քանի ամիսներին, ապա այդ դեպքում աստիճանաբար ուժի մեջ կմտնեն։ Այսինքն, դրանց մի մասը օրինակ վարչական ռեսուրսի մասով ավելի շուտ ուժի մեջ կմտնի, բայց այն մասով, որտեղ պետք է կոնկրետ գործողություններ իրականացնել կարգավորումներ փոխելու՝ հաշվետվողականության մեխանիզմը փոխել, փոխանցել վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործառությունները՝ օրինակ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Փոփոխությունն իրականացնելու, կառույցի ռեսուրսներն ավելացնելու համար ժամանակ է պետք։ Կուսակցությունների մասին օրենքում այդ հատվածը նախատեսված է, որ ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։Այսինքն, կուսակցության մասին արդեն ընդունված օրենքը մեկ տարի ժամանակ է տալիս, որպեսզի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատրաստ լինի ընդունելու այդ նոր գործառույթը։ Մենք կցանկանայինք, որ փոխվեր տարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգն ու կազմը։Ես չեմ կարծում, որ դա հնարավոր է մեկ-երկու ամսում։ Ցանկալի է , որ ոչ միայն կազմը փոխվեր, այլ նաև որոշակի գործառույթներ ընդլայնվեին։
-Ենթադրենք՝ գարնան սկզբին պետք է անցկացվեն արտահերթ խորհրդանական ընտրություններ՝ դա հնարավո՞ր է։
-Ես կասեի,որ այս պահին, եթե ենթադրենք, որ գարնան սկզբին՝ փետրվարին կամ մարտին ընդունվեց ընտրական օրենսգիրքը, չեմ կարծում, որ փոփոխություններն ուժի մեջ մտնեմ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից առաջ։ Ընտրակարգը կարող է փոխվել, արգելքները կարող են ավելացվել, բայց մի հասարակ բան՝ այսուհետ նախատեսվում է, որ պաստառները կարող են փակցվել միայն ու միայն վահանակներին։ Ենթադրել,որ երեք օրվա ընթացքում բոլոր վայրերում կհայտնվեն վահանակներ, որոնք ենթադրում են ժամանակ։ Ու կստացվի,որ անպայման ինչ-որ մասեր ուժի մեջ կմտնեն ավելի ուշ և ավելի ուշ։ Չեմ կարծում, որ շատ նվազագույն փաթեթը կարողանա ուժի մեջ մտնել, բայց որտեղ որ կան տեխնիկական կամ այլ անելիքներ՝ դա դեռ կառուցել է պետք, ծրագիրը կառուցել է պետք, պետք է փորձարկվի, այսինքն ցանկացած բան այստեղ ժամանակ է պահանջում,որ պետք է կազմակերպվի։ Եթե ընտրությունները լինեն տարածված խոսակցությունների համաձայն օրինակ վեց ամսից, ապա ուժի մեջ կմտնի ցուցակների մաքրման այդ մեխանիզմը, որտեղ անվավեր փաստաթղթերով ընտրացուցակում չէին ներգրավվում, ուժի մեջ կմտնի ընտրակարգի փոփոխությունները և վարչական ռեսուրսի արգելքի ու դրա հետ կապված տարբեր քրեական ու վարչական օրենսգրքերով նախատեսված պատիժներ, տույժեր, գովազդի հետ կապված տարբեր արգելքներ։
Զրուցեց՝ Հայկա Ալոյան

