Այս տարի Սուրբ Սարգսի տոնը կնշվի հունվարի 30-ին՝ շաբաթ օրը։ Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում: Ավանդույթի համաձայն` ով գիշերը երազում ջուր տա, նա էլ կլինի ապագա հարսնացուն կամ էլ փեսացուն:
Տարբեր կարծիքներ կան նաև այն մասին, թե ով պետք է պատրաստի աղի բլիթը: Շատերն ասում են, որ բլիթը պատրաստողը պետք է այրի կին լինի, սակայն իրականում պետք է պատրաստի այնպիսի մի կին, որն ամուսնացած է ու երջանիկ:
Այս օրը տանտիրուհիները պետք է խաշիլ, փոխինձ ու աղանձ պատրաստեն:
Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինձով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:
Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինձի մեջ թողնի նրա սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

