ArmDaily.am-ի հետ զրույցում «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը տեղեկացրեց, որ Գյումրիում ցրտահարության հետևանքով 70-ամյա միայնակ կնոջ մահ է գրանցվել: Կնոջն այսօր հուղարկավորել են անօթևան ու առանց խնամք մնացած տարեցների գերեզմանոցում: Վերջինս նշում է, որ իր համար մեծ հարված էր նման լուր լսելը, քանի որ վառելափայտի անհրաժեշտության մասին ահազանգում է ամսից ավել:
«Անկեղծ ասած ես սկզբունք էի դրել, որ ամեն ինչ անելու էինք, որպեսզի ցրտահարության դեպքեր այս տարի ևս չգրանցվեն Գյումրիում, բայց ավաղ այս առաջին դեպքը գրանցվեց»,-ասում է նա:
Թումասյանը տեղեկացրեց, որ կինը մահացել է 11-15 աստիճան ցրտահարության պատճառով, ինչին նպաստել է նաև նրա թերսնված վիճակը:
«Գիտեք, շատ ցավալի դեպք է պատահել, հատկապես որ դեռևս մեկ ամիս առաջ զգուշացնում էի, որ անհրաժեշտ է լուծել կարիքավորներին վառելափայտով ապահովելու հարցը: Մանրամասները ներկայումս ճշտում ենք, պարզապես նրա հաշվառման հասցեով ոչ մեկը մեզ վառելափայտ ստանալու խնդրանքով չի դիմել, չուներ նաև իր անունով էլեկտրաէներգիայի սպառողի կոդ, հնարավոր է փաստացի չի բնակվել այն հասցեում, որտեղ հաշվառված է եղել: 11-15 աստիճան ցուրտ է եղել, նաև թերսնված է եղել՝ այդ իսկ պատճառով ցրտահարությունից գրանցված այս դեպքը պատահել է: Ես հույս ունեի մինչև ուժեղ ցրտերի ընկնելը կկարողանանք ծայրահեղ կարիքավորներին ու ամենախոցելի ընտանիքներին ու մարդկանց վառելափայտով ապահովել, սակայն մեզ նաև պետական աջակցություն է պետք»,-պարզաբանեց հ/կ նախագահը:
Նա շեշտեց նաև, որ հնարավոր չէ մեկ հասարակական կազմակերպության ուսերին թողնել ամբողջ քաղաքի կարիքավոր բնակչությանը վառելափայտով ապահովելու գործը:
«Համաճարակի հետևանքով շինարարությունը դադարել է քաղաքում, պատերազմի պատճառով էլ գյուղերի տղամարդկանցից շատերը չեն վերադարձել, գոնե նախկինում գյուղերում մարդիկ կարողանում էին իրենց կարիքները հոգալ, իսկ այժմ նաև այդ խնդրի առաջ ենք կանգնել: Գնալով եղանակները ցրտելու են՝ երկու-երեք օրից մինչև 30 աստիճան ցուրտ է սպասվում: Ինչպես նշեցի, համաճարակով ու պատերազմով պայմանավորված, մարդիկ, ովքեր նախկինում մեկնում էին արտագնա աշխատանքի, այս տարի մնացել են տանը ու վառելափայտ ձեռք բերելու հնարավորություն չունեն: Այդ ահավոր ցրտի պայմաններում մարդիկ ինչպես պետք է դիմանան հատկապես դոմիկներում՝ այնտեղ ջերմաստիճանը հավասար է դրսի ջերմաստիճանին, եթե վառարան չես վառում: Այս տարի մեզ մի քանի անգամ ավելի ընտանիք է դիմել վառելափայտ ստանալու խնդրանքով, քան նախկինում»,- իր մտահոգությունն է հայտնում «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը:
Թումասյանը նշում է, որ նույնիսկ փայտահատների հետ պայմանավորվել է, որ իրենց դիմած ու վառելափայտ խնդրած քաղաքացիների կարիքները բավարարելու համար պայմանավորվածություն են ձեռք բերել՝ գումարը կես-կես վճարել:
«Այս պահին մենք վառելափայտով ապահովել ենք 750 ընտանիք, ընդ որում բաժանումը կարճ ժամանակամիջոցի համար ենք անում, որպեսզի կարողանանք նաև դրա ծայրահեղ կարիքն ունեցող մյուս ըտանիքներին ևս բաժին հանել: Մեզ դիմել է շուրջ 2500 ընտանիք, հիմա փորձում ենք մաս-մաս այդ ընտանիքներին ևս իրենց բաժին վառելափայտը հանել: Բայց գիտեք, մի հասարակական կազմակերպության համար դժվար է հոգալ մի ամբողջ քաղաքի վառելափայտի ծախսը: Ի դեպ՝ մենք փորձում ենք առանձնացնել ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին, ու առաջին հերթին վառելիքով ապահովել ամենախոցելի ընտանիքներին»,-ասաց Վահան Թումասյանը:
Նա տարակուսանք է հայտնում այն փաստի առթիվ, որ Գյումրիում ցրտահարությունից տարեց կին է մահանում, իսկ ներկա իշխանության որոշ ներկայացուցիչներ իրենց ազգի փրկիչ են ներկայացնում:
«Առնվազն վերջին 5-6 տարիներին նման դեպք չէր գրանցվել, նշանակում է անտերությունն ու աղքատությունը հասնում է ծայրահեղ աստիճանի: Մի պահ մտածիր եթե վառելափայտի մեր ծրագիրը դադարեցնենք: Մարդ չի էլ ուզում այդ մասին մտածի»,- իր մտահոգությունն է հայտնում Վահան Թումասյանը:

