«Ինձ համար ոչ մի բանն էլ անսպասելի չէ, որ գործակալներ են իշխում Հայաստանում, դա ես միշտ էլ ասել եմ, ուղղակի ես իրապես ոչ մի փաստ չէի կարող ներկայացնել, քանի որ... Ու դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը եղել է Ռուսաստանի գաղութ և պահպանվել է գաղութ, թեկուզ դե յուրե անկախություն է ստացել»,- ADTV «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը։
Նա նշեց, որ սա երկրի, ժողովրդի համար մեծ ողբերգություն է, սակայն ինքն ուրախ է, որ այս ամենը բացահայտեց. «Այդ 30 տարվա ամեն ինչը բերել, հանգեցրել է երկրում սոցիալ-տնտեսական, քաղաքացիական հարցերի, վատ վիճակի, ըստ էության դա այդ գործակալական ցանցն է, որը մեկ անգամ ևս ապացուցում է, որ մեր երկիրն անկախ չէ և կախված է Ռուսաստանից։ Երբ փաստարկներ էր բերում, որ Միրզոյանը Հայաստանի ԱԱԾ գործակալ է, դրանից հեչ էլ չէր երևում, որ նա Թուրքիայի գործակալ էլ է, ապուշ մեկնաբանություն է։ Դաժե դա ինձ հիշեցրեց սովետական մենթերի գործելաոճը, որ մեկին մի հանցագործության վրա բռնում էին, մի 10 հատ գործ բարդում էին վրան՝ ասելով , որ ձու գողացողը՝ ձի էլ կգողանա։ Հիմա ինքը փաստարկը բերել է, մի հատ էլ շառ է անում»։
Ըստ նրա, եթե Միքայել Մինասյանը ճիշտ է ասում, ապա դա խայտառակություն է մեր ԱԱԾ-ի համար. «Ես համոզված եմ, որ Արարատ Միրզոյանին Մոսկվայի ցուցումով վերբովկա են արել ու պատահական չէ, որ ասում են թուրքերի հետ է հանդիպել։ Թուրքիան մեր թշնամին է։ Ես ձեզ ասեմ, մինչև իմ բռնվելը Արարատը մի քանի անգամ եկել է ինձ մոտ, առաջին հանդիպումից չէ, բայց երկրորդ հանդիպումից արդեն ներքուստ զգում էի։ Նույնիսկ այս պայմաններում Մինասյան Միշիկն ավելի բարոյալքված կերպար է, քան Միրզոյան Արարատը։ Ըստ այդ տվյալների, Արարատ Միրզոյանին վերբովկա է արել մի կառույց, որը առնվազն մի 50 տարի եղել է ամբողջ աշխարհի ահն ու սարսափը, ճիշտ է հիմա թուլացել է։ Բայց Միքայել Մինասյանը, ով իր բերանով ասեց և ներողություն խնդրեց, նրան շանտաժով ծառայեցրել է մի հատ դիշովկա թերթի խմբագիր՝ Նիկոլ Փաշինյան անունով»։

