Հայաստանի իշխանությունն այնքան է կտրված իրականությունից, որ պատերազմի պարտությունից եւ կապիտուլացիոն ակտը ստորագրելուց հետո դեռ շարունակում է մեղադրանքներ ներկայացնել այլոց։
Երկրի 2,5 տարվա կառավարումը ձախողելուց, Արցախի հարցով բանակցությունները տապալելուց, բանակը նորմալ չվերազինելուց դիվանագիտական հարաբերությունները փչացնելուց հետո իշխանության ներկայացուցիչները բնականաբար ի զորու չեն նաեւ երկիրը հանել հետպատերազմական ծանր վիճակից, վերադարձնել գերիներին, լուծել օրհասական մյուս խնդիրները։ Մեկ ուրիշը այս պայմաններում կհեռանար՝ հնարավորություն տալով ուրիշներին լուծելու խնդիրները իր փոխարեն, իր չարածների փոխարեն, կամ գոնե կլռեր, կփորձեր մի քայլ անել։ Սակայն, սա մեր իշխանության մասին չէ, նրանք մնացել են 2018թ հոխորտալից հայտարարությունների ազդեցության տակ, շարունակում են մեղադրել, մատ թափ տալ ընդդիմախոսների, քննադատների վրա։
Օրինակ՝ «Իմ քայլի» մտքի գիգանտներից Վաղարշակ Հակոբյանը հայտարարում է, թե գերիների հարցը շահարկելով իշխանության աթոռը վերցնելու օրակարգ է։ Այսինքն՝ իշխանության համար գերիների հարցը հավասարազոր է իրենց աթոռը կորցնելուն, նրանք օրուգիշեր զբաղված են աթոռը պահելով, ոչինչ, որ թշնամին տանջում է մեր քաղաքացիներին, ոչինչ, որ իրենք ի զորու չեն լուծել այդ խնդիրը, կարեւորը՝ կողքից քննադատողներ չլինեն եւ չփորձեն հրաժարական պահանջել։
Եթե նախկինում այս իշխանությանը կարելի էր մեղադրել անփորձության, անկարողության, ապիկարության մեջ, ապա այժմ դրանց ավելանում է նաեւ եսասիրությունը, մեծամտությունը, անփութությունը, պաշտոնամոլությունը՝ քրեաիրավական գնահատակնները թողնելով իրապապահներին։
Այսօր խորհրդարանում հնչող ելույթներից հերթական անգամ երեւում է, որ իշխանությունը մեկ խնդիր ունի՝ աթոռը պահել, մնացածը՝ Արցախ, Հայաստան, Սյունիք, գերիներ, զոհեր, վիրավորներ՝ երկրորդական, երրորդական են, նախ կարեւոր է ամեն գնով մնալ աթոռներին, իսկ թե ինչքանով կկարողանան լուծել այդ խնդիրները՝ էական չէ։
Իշխող խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը իր մտքի թռիչքով գերազանցում է կոլեգային եւ հավաստում է, որ ունեն լրջագույն խնդիրներ եւ այդ խնդիրների անունը ընդդիմություն է ՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական։
Իհարկե, ոչ մեկ հիացած չէ մեր ընդդիմությամբ, բայց թույլ, անկազմակերպ ընդդիմություն ունենալու «շնորհիվ է» շարունակում պաշտոնավարել իշխանությունը։ Լավ, ուժեղ ընդդիմություն ունենալու պայմաններում նոյեմբերի 9-ից արդեն այս իշխանության մասին կխոսեինք անցյալ ժամանակով, իսկ այսօր ընդդիմության մասին ելույթներ ունեցող պատգամավորներն էլ list.am-ում հայտարարություն կփնտրեին։
Իհարկե, վատ ընդդիմության համար մենք ամեն օր «պատժվում ենք» իշխանության մեկ օր ավել կառավարմամբ, սակայն որքան ենք պատժվում նման որակի իշխանություն ունենալու համար։ Հայաստանում բոլոր տապալումները, թերությունները, խնդիրները, անոմալիաները մի կերպ դեռ կարողանում ենք դիմանալ՝ կամաց-կամաց թուլացնելով պետական համակարգը, պետականությունը, սակայն իշխանության ապիկարությունը վաղուց հատել է մեր երկրի սահմանները, միջազգային մասշտաբի խայտառակություններին այլեւս դժվար է դիմանալ։ Մինչ գերիների համար մեղադրանքը իշխանությունը «գցում է» լրատվամիջոցների, ընդդիմության, նախկինների գրպանը, Լավրովը բացահայտում է, որ «հայկական կողմից ցուցակները տրամադրվել են ոչ միանգամից եւ ոչ ամբողջությամբ, եւ հետագայում տեղի են ունեցել նրանց փոխանակումները» եւ հարց է բարձրացնում, թե ինչպես Հադրութում դեկտեմբերի սկզբին հայ զինակոչիկների մեծ խումբ է գերի ընկնում։
Այսպես են աշխատում իշխանությունները երկրի առաջ ծառացած թիվ մեկ խնդիրը լուծելու համար եւ դեռ մի հատ էլ կողքից խանգարողներ փնտրում։ Այս 2,5 տարվա ընթացքում բառիս բուն իմաստով պարապուրդի մատնված, օրենսդրական աշխատանքով աչքի չընկած, խորհրդարանական դիվանագիտությունը տապալած «Իմ քայլի» պատգամավորը հայտարարում է, թե «ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դահլիճում չեն, պետք էր շոու անել, բոցաշունչ ելույթներ ունենալ ու գնալ»։
Իսկ շոուից եւ բոցաշունչ ելույթներից բացի՝ ուրիշ ի՞նչ է անում իշխանությունն այս ընթացքում։ Ընդ որում՝ ընդդիմության շոուներից երկրին հասցված վնասը անհամեմատ է իշխանության շոուների վնասի հետ, քանի որ իշխանությունն այս ընթացքում միայն զբաղված է դրանով, ներսում ընդդիմախոսներին եւ ընդդիմադիրներին ոչնչացնելով, օրինակ՝ սպասում է՝ Վազգեն Մանուկյանը «բոմժ» անվանի իր ճանապարհ փակողներին, որ «ֆաս» հրահանգով թիմային հարձակումներ սկսեն։
Այսպիսի կարեւոր գործերով է զբաղված հանրությանը սեւ ու սպիտակի, պողոսների, պիցցայակերների, բաժանող իշխանությունը, այդ իսկ պատճառով չի հասցնում աշխատել, տքնել գիշերուզոր, կաբինետներում չարքաշ աշխատանք տանել նախագծերի, բանակցությունների վրա չարչարվել, քանի որ այդտեղ տեսախցիկներ, հանդիսատես չկա։
Այնպես որ շարունակեք շոուներ անել, բոցաշունչ ելույթներ ունենալ, Արսեն Թորոսյանին տեղափոխել Էդուարդ Աղաջանյանի պաշտոնին, իսկ մենք սպասենք, թե երբ է ՌԴ-ն լուծելու գերիների հարցը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։ Կարեւորը՝ այս ընթացքում պինդ գրկեք ձեր աթոռները, հանկարծ ոչ մեկ չփախցնի։

