ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր գերիների վերադարձի հետ կապված մեղադրել էր հայկական կողմին՝ նշելով, որ ցուցակները տրամադրվել են ոչ միանգամից եւ ոչ ամբողջությամբ։
Գերիների հետ կապված արդեն տևական ժամանակ է՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ինչպես նաև փաստաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը միջանկյալ միջոց կիրառելու համար հայցեր են ներկայացնում ՄԻԵԴ։
ArmDaily.am-ը Եղիշե Կիրակոսյանից փորձեց ճշտել, թե արդյոք ՀՀ կառավարությունից իրենց դիմե՞լ են գերիների ցուցակներ ստանալու հետ կապված և արդյոք այդ ցուցակները ներկայացվե՞լ են ռուսական կողմին։
Կիրակոսյանը պատասխանեց, որ իր իրավասությունից դուրս է այդ հարցը։ «Ես ցուցակ չեմ փոխանցել, ես իրավասու չեմ ցուցակ փոխանցելու, ես չեմ այն իրավասու անձը, որ կարող է այդ հարցին պատասխանել, պետք է ԱԳՆ դիմեք»,-ասաց Կիրակոսյանը։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ իրենք համագործակցում են, սակայն ցուցակների կազման առումով պետք է իրավասու մարմնին դիմել։
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։
Մեր նյութն արդեն հրապարակված էր, երբ ԱԱԾ մամուլի կենտրոնից պատասխանեցին մեր հարցմանը, ըստ այդմ՝ ԱԱԾ-ն իրեն լիազորված գործառույթների շրջանակներում իրականացնում է համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ գերեվարված անձանց վերաբերյալ հստակ տեղեկություններ ստանալու ուղղությամբ։ «Հարցի վերաբերյալ այլ մանրամասներ չենք կարող տրամադրել»,-հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

