Ինչպես արդեն հայտնել ենք, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը բաշխել է հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները՝ փակ գաղտնի քվերակությամբ։ Հանրապետական սփռման հնարավորություն ստացան. Արմենիա ԹԻՎԻ ՓԲԸ-ն, Հուսաբեր ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա), Շանթ ՍՊԸ-ն ATV ՍՊԸ-ն, Մուլտիմեդիա կենտրոն TV ՓԲԸ-ն։ Իսկ մայրաքաղաքային սփռում ստացան Շարկ ՍՊԸ-ն (5-րդ ալիք), Արմնյուզ ՓԲԸ-ն, Freenews ՍՊԸ-ն, Արփի մեդիան, Դար 21-ը, Մո ԹԻՎԻ-ն: «Հ2» և«Ա1+» հեռուստաընկերությունները, չնայած հավաքած բարձր միավորներին՝ համապատասխանաբար 626 և 545, որոնք կարող էին բավարարել մայրաքաղաքային սփմռան սլոթի համար, դուրս մնացին։ Նշենք, որ մայրաքաղաքային սփռման սլոթում 1 տեղ թափուր է մնացել։
ArmDaily.am-ի տեղեկություններով «Հ2», «Ա1+» այս թափուր տեղի համար դիմելու են։ «Հ2»-ի շանսերը բավականին բարձր են գնահատվում, քանի որ ըստ օրենքի՝ 3 տարվա փորձառություն ունեցող հեռուստաընկերությունները առավելություն ունեն։
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ բաշխումն անում է հաճախականությունների հանձնաժողովը. «Ես հատուկ հետաքրքրվել եմ, պարզվում է, որ Հ2 -ը և ԱՐ հեռուստաընկերությունները հայտ չեն ներկայացրել, ինչի կապակցությամբ երկուսի համար էլ ցավում եմ։ ԱՐ-ը իմ ստեղծած հեռուստաընկերություն էր և ստացվում է այնպես, որ առաջիկայում այն չի լինելու։Ես ասում եմ այն, ինչ զանգել եմ իրենց և հարցրել։ Ինձ էլ էր մտահոգում, թե ինչու այդ երկու հեռուստաընկերությունները չկային լիցենզիա ստացածների մեջ։ Հ2-ը շատ ինքնատիպ հեռուստաընկերություն է և ափսոս է, որ դուրս մնա, հետո ինքը կենսագրություն ունի, խորհրդային շրջանից գալիս է։ Պետք չէ ավանդույթ ստացած հեռուստաընկերություններին արտոնություն չտալ և փակել։ Հիմա մայրաքաղաքայինն ու հանրապետականը խառնվել են իրար։ Ենթադրենք մեկը միայն մայրաքաղաքային է, բայց ամբողջ համացանցով տարածվում է ամենուր։ Ուղղակի հանրապետականի պարագայում արտոնագրման արժեքն ավելի թանկ է, թե չէ առանձնապես այլ բան չկա։ Ես շատ եմ ցավում նաև ԱՐ-ի համար։ Տեղյակ չեմ, թե ինչու չեն ներկայացրել։ ԱՐ-ի հետ ես այնքանով կապ ունեմ, որ ես եմ այն ստեղծել, բայց հեռուստաընկերությունը պատկանում է Վարդանյան ընտանիքին, դա իրենց խնդիրն է»։
Դիտարկմանը, թե նախկինում հայտարարվում է, թե հեռուստաընկերություն պահելը շահավետ է, մասնավորապես գովազդների առումով, արդյոք հիմա անշահավետ է դարձել, հաշվի առնելով ԱՐ-ի դիրքորոշումը մրցույթին չմասնակցելու, Տեր Գուլանյանը պատասխանեց. «Չեմ կարող դա ասել։ Իմ տպավորությամբ բոլոր հեռուստաընկերությունները մի կերպ պահում են իրենց։ Կան հեռուստաընկերություններ, որոնք ավելի լավ վիճակում են, օրինակ «Արմենիան», «Արմնյուզը», որոնք գովադներ շատ ունեն։ Օրինակ ես շատ բարձր եմ գնահատում «Արմնյուզի» աշխատանքը, շատ ցավում եմ «5-րդ ալիքի» համար, որը գովազդներ շատ քիչ ունի, բայց շատ լավ հեռուսաալիք է, ազատ, հետաքրքիր։ Խնդիրն այն է, որ Հայաստանի վիճակն այնպիսին է, որ նախքան այս ամեն ինչը, որը տեղի ունեցավ՝ համազգային ողբերգությունը և վիրուսը, բազմաթիվ ընկերություններ փակվեցին, գովազդները պակասեցին, էլի դրսի գովազդների հաշվին են ապրում հեռուստաընկերությունները։ ԱԺ-ն Հանրային հեռուստաընկերությանը գովազդի իրավունք տվեց, ես Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ եմ և կարծում եմ, որ դա սխալ որոշում էր։ Հանրայինը չպետք է գովազդ ունենա, այն մեզ բոլորի տված հարկերով է ֆինանսավորվում, իսկ մասնավոր հեռուստաընկերությունների պարագայում ֆինանսավորումը հիմնադիրների վրա է, եթե գովազդով չեն կարող պահել, իսկ պետությունը պահում է Առաջին ալիքը և իմաստ չուներ գովազդի թույլտվություն տալ։ Դա նշանակում է, որ Առաջին ալիքը խլեց մյուս հեռուստաընկերույունների գովազդները»։
Դիտարկմանը, թե արդյոք դա միտում ուներ խեղճացնելու մյուս հեռուստաընկերություններին, Տեր Գուլանյանը նշեց. «Այո, ես տեսնում եմ այդ միտումը։ նույնիսկ այդ ժամանակ հետևում էի ԱԺ-ի այդ քննարկումներին հատուկ, քանի որ ինձ դա մտահոգում էր։ Մեր խորհրդի նիստի ժամանակ ասել եմ, որ պետք չէ, որ մենք գովազդ ունենանք։ Ես հիշում եմ՝ Ալեն Սիմոնյանը շատ «հետաքրքիր» բացատրեց անտեղյակ ԱԺ-ին, որոնց հիմնական մասը կուշտ կերած հորթի նման նայում են ու չեն էլ հասկանում, թե խոսքն ինչի մասին է։ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց, թե որպեսզի հավասարություն լինի, դրա համար էլ պետք է թույլատրել, այսինքն տեսեք մյուսները գովազդներ ունեն, իսկ Հանրայինը չունի, պետք է Հանրայինն էլ ունենա, որպեսզի հավասարություն լինի։ Ոչ մեկը չասաց՝ եթե հավասարություն է, այդ դեպքում պետությունը թող մյուսներին էլ ֆինանսավորի։ Այնպես որ դա մյուս հեռուստաընկերություններին խեղճացնելու նպատակ ուներ, թեև ցանկացած հեռուստաընկերություն, այդ թվում Հանրայինը ֆինանսների կարիք միշտ ունի»։

