Ես չգիտեմ, թե ով է շրջանառում տեսակետը, թե գաղտնի փաստաթղթերի ծանոթացող ցանկացած անձ նման ստորագրություն պետք է տա տեղեկությունների չբացահայտման մասին, ինձ ծանոթ չէ այդպիսի պրակտիկա, ըստ որի՝ արխիվում կամ Ցեղասպանության թանգարան ինստիտուտում աշխատելիս պետք է նման թուղթ ստորագրել։ Կա պրակտիկա, որ գաղտնիության դասիչ ունեցող փաստաթղթերին ծանոթանալուց հետո՝ մարդն հայտարարում է, որ չի հրապարակի դրանց պարունակությունը, սակայն սա միանգամայն ուրիշ ժանրից է։ Այ մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին և հայտարարությանը, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է:
«Ես տեղյակ եմ, որ արխիվներում աշխատելու համար կա պարտավորություն, որը չպետք է հրապարակել, բայց այդ պարտավորությունը նման տեքստով չի շարադրվում»։
Դիտարկումներին, թե ոչ այնքան մտահոգիչ է այն, թե ինչ փաստաթուղթ է հրապարկվել, որքան այն, թե ինչպես է այդ փաստաթուղթն հայտնվել կոնկրետ անձի ձեռքում՝ նա ընդգծեց, որ, իհարկե, մտահոգիչ է, որ նման գաղտնի փաստաթուղթ կարող է հրապարակվել, բայց առավել մտահոգիչ է այն, որ կարող է նաև շրջանառվել Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը մեր ներքաղաքական խնդիրներում։
«Ինձ համար առավել մտահոգիչ է խնդրի ակունքները, այն, որ ըստ այդ վարկածի՝ ՀՀ մեկ կամ մի քանի քաղաքացներ համագործակցել են կամ հիմա էլ համագործակցում են թշնամի երկրի հատուկ ծառայության հետ։ Սա ամենամտահոգիչն է, մնացածը ածանցյալ խնդիրներ են։ Իհարկե, քարոզչական առումով մտահոգիչ է Ազգային անվտանգության ծառայության իմիջի պախարակումը կամ նրա դերի ստորադասումը, որովհետև այդ կառույցը մեր երկրի անվտանգությունն է ապահովում և չի կարելի թիրախավորել և թիրախավորված հարձակումներ իրականացնել այդ կառույցի նկատմամբ, սակայն միայն այն, որ շրջանառվում է թուրքական հատուկ ծառայությունների կապը ՀՀ քաղաքացիների հետ, ընդ որում ՝ որոշակի հարցերի շրջանակներում՝ Հայոց Ցեղասպանության խնդիր առնչությամբ, դա ամենամտահոգիչն է։ Կարծում եմ՝ հասարակությունը կամ գոնե հասարակության մի մասն ակնկալում է ավելի սպառիչ պատասխան, որովհետև սա մեծագույն խնդիր է հենց մեր համար, որ մեր կողքին կարող են լինել մարդիկ, որոնք կարող են մտքի ծայրով անցկացնել համագործակցել թշնամի երկրի հատուկ ծառայությունների հետ»։
Նա ընդգծեց, որ որպես թուրքագետ կարող է արձանագրել, որ գաղտնիք չէ, որ թուրքական հատուկ ծառայությունների տարբեր օղակներ սիստեմատիկ աշխատել և աշխատում են Հայաստանի տարբեր շերտերի վրա, բնականաբար, ամենևին ոչ խաղաղասիրական, ոչ հայանպաստ խնդիրների շրջանակում։ «Դրանք կարող են լինել տարատեսակ գրանտային ծրագրեր, տարատեսակ համագործակցության պլատֆորմներ, որոնց թիկունքում անպայմանանորեն գոնե մասնագետների համար կարող է տեսանելի լինել թուրքական հատուկ ծառայությունների ներկայությունը։ Ես այս մասին տարիներ շարունակ բարձրաձայնել եմ։ Անգամ, 2014 թ-ին Հայաստանում էր ցեղասպան երիտթուրք Ջեմալի թոռը, ես բարձրաձայնում էի դրա վտանգավորությունը, սակայն որոշ ՀՀ ստահակ քաղաքացիներ ոչ միայն չէին ընդունում այն իրողությունը, որ այդ ամենը կարող էր լինել թուրքանպատս պրոցես, այլև մեծատառերով գրում էին Ջեմալ փաշայի անունը, փոքրատառերով՝ իմ անունը՝ քննադատողների շարքում, այն դեպքում, երբ ես կարող եմ ունենալ իրավունք՝ կասկածելու նրան հայանպաստ լինելու մեջ։ Թուրքագետիս համար ճշմարտություն է նաև այն, որ Թուրքիան շատ տարբեր ծրագրերի է իրականացրել Հայաստանում ու հիմա էլ դա շարունակվում է։ Այս համատեքստում իրատեսական է թվում այն, որ թուրքերը փորձեն նման քայլեր անեն, հատկապես, իրենց համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտում»։ Նրա դիտարկմամբ՝ այս թեմայով բազմաթիվ հարցերի հստակ պատասխաններ ստանալը բավական բարդ կլինի, քանի որ դա վերաբերում է բավական բարձր աստիճանի գաղտնիության խնդրի և դեռևս դժվար է ասել, թե ինչպես են իրավապահ մարմինները հերքելու կամ ապացուցելու այս խնդիրը։ «Ես գիտեմ, որ նույն այն անձը՝ԱԺ նախագահն հայտարարել է, որ քրեաիրավական գործընթաց պետք է սկսի, կարծում եմ, որ հայց կներկայացնի, բայց ես, ճիշտն ասած, կասկածում եմ դրա քրեաիրավական մեխանիզմնների վրա, թե ինչպես կարող է քաղաքացիների համար հավաստի լինել հերքում կամ հաստատումը։ Ինչ վերաբերում է նրա քայլերին, դժվար է ասել, թե ինչ պետք է անի այդ անձը, որին նման մեղադրանք է ներկայացվել, ընդ որում ՝ որոշակի փաստաթղթերի առկայությամբ»։
Նա նաև ընդգծեց, որ վերջին տարիներին մենք ականատես ենք եղել, որ նմանատիպ ակնհայտ հակահայկական տեսակետներ ունեցող անձինք ստացել են բարձր պաշտոններ և այդ պաշտոնյաները իրականացրել են ու հիմա էլ իրականացրել են քայլեր, որոնք չեն տեղավորվում հանանպաստ քաղաքականության շրջանակներում, հակառակը՝ տեղավովում են թուրքանպաստ քաղաքականության շրջանակներում։ Դրանք կարող են լինել տարատեսակ պատգամավորներ, ովքեր ԱԺ ամբիոնից հայտարարություններ են անում, դրանք կարող են լինել տարատեսակ քաղաքական գործիչներ, դրանք կարող են լինել նախարարներ, այդ թվում՝ կրթության ոլորտի ներկայացուցիչներ, որոնք բացահայտ թուրքանպաստ հայտարարություններ են անում՝ օրինակ, ասելով, որ Թուրքիայի դրոշն այրելը հանցագործություն է, դա ասողը ձևավորում է կրթական քաղաքականությունը, որով պետք է սերունդներ կրթվեն, ԱԺ ամբիոնից Աժ պարգամավորն ասում է, որ հայրենասիրական երգերը վտանգավոր են, ագրեսիա են և թշնամություն են հրահրում Թուրքիայի հանդեպ, հետևաբար, բացահայտումը, որ արվել է՝ մեծ օպերայի մի մասն է միայն և կան բազմաթիվ հարցականներ, բազմաթիվ մարդկանց հետ կապված, որոնք ստեղծել են այս անվտահության մթնոլորտը։ Այդուհանդերձ, խնդիրը բարձրաձայնված է ու հասարակությունը իրավունք ունի հարցերի պատասխաններ ստանալու, բայց խնդիրն այն է, որ հասարակությունն այնպիսի շոկի մեջ է, որ այնպիսի տվյալների է ականատես եղել գոնե վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ հանցավոր անփութություն, դավաճանություն և այլն, և այլն, որ կարծես՝ իմունիտետ է ձևավորվել և նման սկանդալային հայտարարությունները հասարակությունը արդեն այլ կերպ է ընկալում։ Ինձ համար մինչև հիմա է հարց է՝ պատերազմի հետ կապված էլ բազմաթիվ սկանդալային հայտարարություններ և բացահայտումներ երբ եղան՝ փաստաթղթերով և այլն, դրանց որևէ ընթացը տրվե՞ց, թե մենք վարում ենք ջայլամային քաղաքականություն»։

