Կորոնավիրուսի համավարակի Հայաստանում հաստատվելուց ի վեր մանկապարտեզներում ընդունելություն չի եղել, ինչն էլ դժվարեցրել է ծնողների՝ աշխատանքի հաճախելը, կամ վերջիններս ստիպված են եղել մասնավոր նախակրթարաններ ու մանկապարտեզներ դիմել:
ArmDaily.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ մանկապարտեզներում խմբերի մեծացման հարցով դիմել են առողջապահության նախարարություն, որպեսզի կարողանան ընդունելություն իրականացնել։
Առողջապահության նախարարությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ԿԳՄՍՆ-ի դիմումը գտնվում է քննարկման փուլում։ «Քննարկումներն ընթանում են և կախված համաձարակային իրավիճակից որոշում կկայացվի»։
Նշենք, որ այս պահին մանկապարտեզներում յուրաքանչյուր խմբում երեխաների թույլատրելի առավելագույն քանակը 18-ն է։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին կարանտինը երկարաձգվեց 6 ամսով, սակայն որոշ սահմանափակումներ վերացվեցին։ Մասնավորապես հավաքույթների, թաղումների մասնակիցների թվի սահմանափակումը հանվեց։ Նախկինում միջոցառուների մասնակիցների առավելագույն քանակը 60-ն էր։ Այս պայմաններում տարակուսելի է՝ միթե մանկապարտեզներից վարակը ավելի շատ կարող է տարածվել, քան մեծահասակների մասնակցությամբ նման լայնամասշտաբ միջոցառումներից։

