Հունվարի 14-ին՝ կառավարության նիստից հետո, երբ լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ներդրումներ կա՞ն՝ Քերոբյանը պատասխանեց. «Կարող ենք գնալ, հենց հիմա մի հատ 100 միլիոնանոց ներդրում ցույց տամ՝ «Ռենշին» ընկերությունը»։
ArmDaily.am-ի հետ զրույցում «Ռենշին» ՍՊԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Լևոն Կասպարովը նշեց, որ քանի որ այն արտադրություն չէ և հոսքերը ամսական չեն գնում, անգամ տարեկան չեն գնում, այն տարիներով չեն համեմատում, այլ ավելի շուտ պրոեկտներով. «Մենք մի տարի կարող ենք ընդհանրապես ոչ մի բան չանել, ունենալ այս կամ այն ծրագրի նախապատրաստական փուլեր ու նախորդ տարին հենց այդպես էր՝ հիմնականում նախապատրաստական փուլ էր նույն 100 մլն դոլարի նախագիծը մեծ նախապատրաստական աշխատանք է ենթադրում, կլինի դա 100 մլն, 50 մլն, թե 30 մլն դոլարի ծրագիր։ Բացի այդ արդեն ավարտված ծրագրերը ունեն որոշ հետհանձնման աշխատանքներ։ Նախորդ տարին հիմնականում ծախսել ենք նման հարցերի վրա։ Անցած տարի ինչ որ ծրագրի մեկնարկ չի եղել, բայց նախապատրաստումն է եղել մի քանի ծրագրերի ուղղությամբ»։
Հարցին՝ 100 մլն դոլարի ներդրումային նախագիծը նախադեպայի՞ն էր «Ռենշին» ընկերության համար, թե՝ ոչ՝ Կասպարովը պատասխանեց. «Նախկինում ևս նման ծավալի ծրագրեր ունեցել ենք»։
«100 մլն դոլարի նախագիծը քանի որ քաղաքաշինական ծրագիր է, ունի տևողություն, տվյալ դեպքում 2-3 տարի։ Այդ գումարը չենք բաժանում օրինակ երկու տարվա վրա և ամեն ամիս ֆիքսված գումար ենք վճարում, հնարավոր է մի տարի քիչ լինի այդ գումարի սպառումը, տարի լինի, որ շատ լինի, կամ օրինակ գումարի կեսը կարող է ծախսվել կես տարվա ընթացքում և այլն։ Ծրագիր է շինարարության ընթացքը, իրականացման ընթացը, նախագծումը»,- ասաց նա։
Հարցին՝ 100 մլն դոլարի ներդրման ծրագրի մեկնարկը ե՞րբ է տրվելու՝ Կասպարովը պատասխանեց. «Քանի որ նախագծի մեկնարկը մենք չենք համարում բուն գումարը ինչ որ մեկին վճարելը, այլ նախապատրաստական փուլը ևս, նախապատրաստական փուլը գրեթե ավարտված է, այժմ իրականացվում է նախագծումը՝ նախագծային նախապատրաստական մասն է ակտիվ ընթանում, իսկ եթե շինարարության մեկնարկը համարենք նախագծի մեկնարկ, ապա շինարարությունը այս տարի կսկսվի։ Իսկ նախագծումը դա արդեն ներդրումներ են, արդեն գումարը գնում է, եթե խոսքը գնում է նրա մասին, թե մենք գումար ծախսում ենք այդ նախագծի վրա, ապա ծախսը արդեն մեկնարկել է, նայած ինչն ենք ելակետ վերցնում՝ նախագիծը սկսվել է, թե՝ ոչ, այն միանշանակ սկսվել է մեզ համար»։
Նշենք, որ «Ռենշին» ընկերությունը հիմնադրվել է 2003թ-ին «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերության կողմից: Այսօրվա դրությամբ ընկերության բաժնետերեր են հանդիսանում Արայիկ Կարապետյանը և Էդուարդ Մարությանը հավասարազոր (50%/50%) բաժնեմասերով: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 3 000 000 000 (երկու միլիարդ) ՀՀ դրամ:
Զինծառայողների հիմնադրամին կատարած պարտադիր վճարումներից տեղեկանում ենք, որ ըներությունն ունի 13 աշխատակից։

