Երեխայի թույլ շարժումներն արգանդի մեջ ոչ միայն հղիության ամենահուզական նշակետերից մեկն է համարվում, այլև տալի է տեղեկություններ երեխայի զարգացման, նրա բարեկեցության մասին: Հենց երեխան սկսում է շարժվել, նա հնարավորություն է ստանում շփվել մոր հետ: Յուրաքանչյուր հղի կին անհամբեր սպասում է պտղի առաջին շարժմանը, իսկ հղիության կեսին այդ սենսացիոն զգացողությունն արդեն դառնում է սովորական:
Ե՞րբ են զգում երեխայի շարժումները
Պտուղը սկսում է ակտիվորեն շարժվել ներարգանդային զարգացման 7-8 շաբաթվա ընթացքում: Իհարկե, այդ շարժումները մայրը դեռ չի կարող զգալ՝ դա պայմանավորված է նրանով, որ երեխան դեռ բավականին փոքր է, նրա հասակը մոտ 20 միլիմետր է: Նա հարմարավետ տեղավորված է արգանդում և շրջապատող հեղուկի շնորհիվ գրեթե երբեք չի դիպչում արգանդի պատերին:
Հղիության 16-րդ շաբաթվա ընթացքում պտուղը սկսում է շարժվել ի պատասխան հնչյունների (առաջին հերթին՝ մոր ձայնին, նրա ինտոնացիայի փոփոխությանը): 17-րդ շաբաթվա ընթացքում պտուղը սկսում է կծկվել: 18-րդ շաբաթվա ընթացքում նա ձեռքերով հպվում է պորտալարին, սեղմում և բացում մատները, դիպչում դեմքին և ձեռքերով նույնիսկ ծածկում դեմքը, երբ լսվում են բարձր և տհաճ հնչյուններ:
Պտղի խաղը ապագա մայրիկը կարող է զգալ մոտավորապես հղիության 18-րդ շաբաթվա մեջ: Եթե սա ձեր առաջին հղիությունն է, ապա պտղի խաղը կարող է քիչ հետաձգվել՝ մինչև 20-րդ շաբաթականը: Այունամենայնիվ, երկրորդ հղիության ժամանակ դուք կարող եք պտղի խաղի ակնհայտ նշաններ զգալ ավելի վաղ՝ արդեն 16-րդ շաբաթականում:
Պտղի խաղի բնույթը կախված է նրանից, թե ինչ է տվյալ պահին անում ձեր երեխան, ինչպես նաև նրա աճի և զարգացման փուլից: Յուրաքանչյուր երեխա առանձնահատուկ է. մի պտուղը կարող է լինել ավելի ակտիվ, քան մեկ այլ պտուղ, և հակառակը:
Առաջին զգացողությունը, որ դուք կարող եք զգալ, թրթռոցն է (կարծես որովայնում թիթեռներ կան), որովայնում ձկան լողին կամ աղիներով գազերի շարժման նմանվող ներքին շարժողական զգացումները, արգանդի կամ որովայնի պատին բախումները և այլն: Ձեր հղիության զարգացմանը զգուգահեռ, որպես նորմա, երեխայի խաղերը դառնում են ավելի ընդգծված և հաճախակի:
Երբ ձեր երեխան դառնում է ավելի մեծ և ուժեղ, և ձեր մաշկը կիպ ձգվում է արգանդի վրա, դուք ավելի հեշտությամբ եք զանազանում նրա ոտքերով, ձեռքերով կամ արմունկներով հարվածները: Հղիության ավարտին երեխայի հարվածները կարող են նույնիսկ ցավեցնել ձեր կողերը:
Պտղի խաղի հաճախականությունը
Պտղի շարժումների ինտենսիվությունն ու հաճախականությունը շատ կարևոր են նրա վիճակը ախտորոշելու համար: Սովորաբար, 24-րդ շաբաթից, պտուղը սկսում է ակտիվորեն շարժվել: Մասնագետների կարծիքով, միջին հաշվով, այն պետք է շարժվի ժամում 10-15 անգամ: Չնայած երեխան կարող է երբեմն քնել և ավելի քիչ շարժուն լինել:
Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել. Ի՞նչ անել, եթե պտղի խաղը դադարում է
Սկսած հղիության 24-րդ շաբաթականից 12 ժամից ավելի ցանկացած շարժման բացակայությունը լուրջ հիմք է բժշկի դիմելու համար: Նույնիսկ եթե դա կեղծ տագնապ է, ավելի լավ է մեկ անգամ ևս համոզվեք, որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է:
Եթե կարծում եք, որ ձեր երեխայի շարժումների ուժը կամ քանակը պակասել է, կամ դրանք չափից դուրս ակտիվ են, անհապաղ կապ հաստատեք ձեր բժշկի կամ բուժքրոջ հետ: Նման իրավիճակները վկայում են պտղի անհանգիստ վիճակի մասին: Հաշվի առեք նրա ազդակները և մի՛ սպասեք հաջորդ օրվան:
Բժիշկը կամ բուժքույրը կստուգեն ձեր երեխայի սրտի հաճախականությունը և խաղը:

