ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս անգամ փորձել ենք պարզել՝ որոնք են կանանց սեռական գրգռման խանգարումների պատճառները և ինչպես է իրականացվում բուժումը:
Կանանց սեռական ֆունկցիայի ավելի հաճախ հանդիպող խանգարումները բաժանվում են մի քանի խմբի, դրանք են՝ սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, կանանց սեռական գրգռման խանգարումներ, օրգազմի ֆունկցիայի խանգարումներ, սեռական ֆունկցիայի ցավային խանգարումներ և այլն:
Սեռական գրգռումը դա սեռական հարաբերության կարևորագույն փուլն է և այդ փուլի խանգարումը տղամարդկանց մոտ արտահայտվում է էրեկտիլ դիսֆունկցիայով (սեռական թուլություն), իսկ կանանց մոտ՝ լուբրիկացիայի անբավարարությամբ կամ բացակայությամբ (հեշտոցի խոնավացման բացակայություն): Այն բազմապատճառային խնդիր է, երբեմն պայմանավորված է լինում կանացի հորմոնների (էստրոգեններ) անբավարարությամբ, սեռական օրգաններում տարած վիրահատություններից և միջամտություններից հետո, հարաբերության ժամանակ ցավային զգացողությունների արդյունքում, զույգերի միջև միջանձնային կոնֆլիկտային հարաբերությունների հետևանքով, ինտիմ մերձեցումների նկատմամբ վախի առկայության հետևանքով և այլն:
Սեռական գրգռման խանգարումը իրապես պատճառ է հանդիսանում հարաբերության անհնարինության, ինչը հաճախ ամուսնական աններդաշնակության առաջացման գործոն է դառնում: Սեքսոլոգիական բուժումը իրականացվում է կոմպլեքսային (դեղորայքային, հոգեթերապևտիկ)՝ հաշվի առնելով թե ինչպիսի պաթոլոգիկ գործոններ են առաջ բերել խնդիրը: Բուժումը գերազանցապես լինում է արդյունավետ և վերականգնվում է զույգի սեքսուալ դիսհարմոնիան:

