Արցախյան երկրորդ պատերազմից հետո մեծ ու անդառնալի վնաս է հասցվել ոչ միայն տնտեսությանը, այլև էներգետիկ անվտանգությանը: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը շեշտում է, որ մասնավորապես պատերազմից հետո Արցախի 36 ՀԷԿ-երից 30-նն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այնինչ, անհրաժեշտ է շեշտել,որ վերջին տարիներին Արցախը էլեկտրաէներգիա էր սկսել արտահանել Հայաստան:
«Շուրջ 330 մլն կՎատտ ժամ էլեկտրաէներգիա Արցախի Հանրապետությունը պետք է արտահաներ: Դա գալիս էր Հայաստանի Հանրապետություն, հետո մենք արտահանում էինք դա Վրաստան կամ ինքներս էինք օգտագործում: Միայն հիդրոէլեկտրակայանների առումով այստեղ լրջագույն խնդիրներ կան, ընդ որում այդ խնդիրները հիմա պրոյեկտվում են ոչ միայն Արցախի Հանրապետության էներգետիկ անվտանգության վրա, այլ նաև մեր: Որովհետև հիդրոէլեկտրակայանների արտադրած էներգիան ՋԷԿ-երի հետ համեմատած ավելի էժան ինքնարժեք ունի ու դա մտնում էր նաև մեր սակագնի հաշվարկման հիմքում»,-ասում է տնտեսագետը:
Պատերազմից հետո տնտեսության վիճակը տնտեսագետը անվանեց տնտեսական կոլապս, քանի որ տնտեսության լրջագույն ոլորտներն են վնասվել և այս պահին վերականգնվելու համար բավականաչափ ռեսուրսներ չունենք:
«Արտաքին ռեսուրսներին դիմելն էլ համ թանկ է, համ էլ այնպիսի շեմի ենք հասել,որ արդեն դժվար է ակնկալել արտաքին ռեսուրսների օգնություն»,- նշում է տնտեսագետը:
Կառլեն Խաչատրյանը նշում է, որ տնտեսությունը քանդեց հընթացս կայացվող որոշումներն ու իրավիճակային լուծումները: Վերջինս շեշտում է, որ առանց երկարաժամկետ տեսլականի հնարավոր չէ տնտեսություն զարգացնել և լավ արդյունքներ ունենալ՝ դրա համար պետք է հավակնոտ տնտեսական ծրագրեր ունենալ և ձգտել դրանց իրականացմանը:
Անդրադարձ եղավ նաև եկամտահարկի մասին օրենքի փոփոխությանը ու դրա հետևանքներին: Մասնավորապես տնտեսագետն ասաց.«Մի կարևոր բան կա նոր փոփոխություններին, որը վերաբերում է միկրոբիզնեսին: Միկրոբիզնեսը մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող կազմակերպություններն էին՝ այսպես ասած նախկին ընտանեկան ձեռնարկատիրությունը: Ընդ որում 2019 թվականից կառավարությունը դրոշակ էր սարքել այս գաղափարը, որ 2020-ին ուժի մեջ է մտնելու տվյալ հարկային ռեժիմը և փոքր ընտանեկան ձեռնարկությունները ըստ էության ազատվելու են բոլոր տեսակի հարկերից, իսկ իրենց վարձու աշխատողներն էլ վճարելու են ֆիքսված 5000 դրամ եկամտային հարկ: Հիմա նախատեսված փոփոխություններով այդ ֆիքսված 5000 դրամը դառնալու է ընդհանուր եկամտահարկի դրույքաչափ, այսինքն 22 տոկոս: Դիցուք,եթե 100 000 դրամով աշխատող կար և նրա համար վճարվում էր ընդամենը 5000 դրամ եկամտահարկ, ապա այս պարագայում վճարվելու է 22 000 դրամ»,- տեղեկացնում է տնտեսագետը:
Մանրամասները՝ տեսանյութում.

