Ադրբեջանը պաշտոնապես ընդունում է միայն 5 գերիների առկայությունն իր մոտ, երբ հայկական պաշտոնական կամ կիսապաշտոնական աղբյուրները խոսում են առնվազն 120, անգամ 200 հոգու մասին։ Այս մասին AD TV «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Արա Պապյանն ընդգծելով, որ սա ծանր վիճակ է, քանի որ նրանց ամեն օրը գերության մեջ՝ նրանց հարազատների համար ու նաև մեր բոլորի համար բավական ծանր է։
«Ես կարծում եմ հայկական կողմը ավելի կոշտ պետք է լինի այս հարցում, պետք է շարունակի պնդել, որ օրինակ, 9-րդ կետը կարող է կյանքի կոչվել միայն 8-րդ-ից հետ, ի վերջո 8-րդ կետում գերիների վերադարձի մասին գրված է։ Մենք ի վերջո այլ տարբերակ չունենք, քան 9-րդ կետի ձգձգումը, որով շահագրգռված են ՌԴ-ն և Ադրբեջանը, որպեսզի կարողանանք նրանց վերադարձնել հայրենիք։ Ես կարծում եմ, որ ՌԴ-ն կարող է այս ուղղությամբ քայլեր անել, սակայն պետք չէ գերագնահատել Պուտինի ազդեցությունը Ադրբեջանի վրա, դա այդքան էլ մեծ չէ։ Ալիևը հիմա Թուրքիայի շնորհիվ կարողանում է ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել, բայց այդ՝ ինչ ստանալիք ուներ Ալիևը Ռուսաստանից՝ այլևս ստացել է։ Մյուս կողմից Ռուսաստանը, այո, պատրաստ է որոշակի ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, բայց դա էլ չափի մեջ։ Ինքը մեզ համար, մեր գերիների համար չի փչացնի հարաբերությունները կամ վերջնագիր չի ներկայացնի։ Հիմա տարբեր խոսակցություններ կան, թե Պուտինը փորձում է տարբեր ուղիներ գտնել, բայց դա փորձելու խնդիր չէ, Պուտինը այդ փաստաթղթի երաշխավորն է, ինքն է կազմել այդ փաստաթուղթը, եթե ինքը կազմել է ու վերջնաժամկետ չի նշել և մեր վարչապետն էլ թերություն է ունեցել այդ մասին չխոսելու, հետևաբար, Պուտինը պարտավորություն ունի իրականացնելու փաստաթղթի այդ կետը ևս։ Միջազգային իրավունքի մեջ ցանկացած փաստաթուղթ գործում է ամբողջությամբ, այսինքն, դու չես կարող փաստաթղթի մի մասը չիրականացնել և պահանջել, որ մյուս մասերն իրականանան։ Մեկ կետի խախտումը հանգեցնում է ամբողջ փաստաթղթի խախտման»։
Անդրադառնալով ռազմատուգանքներին, նա ընդգծեց, որ Ադրբեջանը հիմա արդեն խոսում է 50-818 մլրդ դոլարի մասին և ես վստահ եմ, որ Ալիևը մինչև վերջ տանելու է սա։ «Որևէ մեկը չփորձի ենթադրել, որ կարող է թուրքական կողմը որևէ հարցում Հայաստանին մինչև վերջ ջախջախել՝ պիտի մեր նկատմամբ թուլամորթություն անի, ինչպես մենք են թուլամորթություն անում։ Դրանից խուսափելու միակ ձևը այն է, որպեսզի մենք միջազգային դատարանից հայցենք գոնե խորհրդատվական կարծիք՝ արդյո՞ք ԽՍՀՄ վարչական սահմանները կարող են դիտարկվել միջազգային սահմաններ։ Արդյոք Ադրբեջանը վերահռչակելով իր անկախությունը չի հրաժարվել նաև այդ վարչական սահմաններից և արդյո՞ք այլ միջազգային փաստաթղթեր, մասնավորապես, 1920 թ-ի Ազգերի լիգայի զեկույցը չի ամրապնդում Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Այսինքն, այդ երեք հարցերի պատասխանները, եթե մենք ունենանք, մինչ այն պահը, երբ դատարանը մեր դեմ որոշում կկայացնի, վստահեցնում եմ ձեզ, եթե մենք Ալիևի ու Թուրքիայի քաղաքական պահանջները չբավարարենք, ու եթե այդ հարցը մտավ դատարան՝ մեր դեմ որոշում են կայացնելու»։
Նրա դիտարկմամբ, եթե անգամ այդ գումարը ոչ թե 50, այլ 5 մլրդ լինի, սա ոչ միայն մեծ բարոյական հարված կլինի, 2 մլրդ դոլարը մեր տարեկան բյուջեն է , մենք կսնանկանաք։ «Հասկանալի է, թե Ալիևը ինչու է սա անում, իրեն այդ գումարը պետք չի, ինքը 2 այդքան էլ փող կտա մի բան էլ ավելի՝ այդ տարածքների դիմաց, որովհետև իրենց նպատակն է ամբողջությամբ Սյունիքը իրենցով անել։ Պատմականորեն, երբ ասում ենք Սյունիք, դա էսօրվա Զանգեզուրը չէ, Մեծ Սյունիքի մեջ նաև Արցախն է, այդ ընկալումը պատահական չէ, իրենք հասկանում են, ով կտիրի այդ միավորին նա էլ կլինի հիմնական դերակատարը մեր տարածաշրջանում։ Անգամ միջանցքների իրավունքը մեզ արդեն խոցելի է դարձնում, ուր մնաց, եթե հաջողվի ավելի մեծ տարածքներ իրենցով անել, ինչը մենք տեսնում ենք Զանգեզուրում, գյուղ առ գյուղ, բարձունք առ բարձունք առնետի նման կրծելով գնում են»։
Մանրամասերը՝ տեսանյութում.

