ArmDaily.am-ի զրուցակիցն է ուկրաինացի փորձագետ Օլեգ Սահակյանը:
-Արցախյան երկրորդ պատերազմը ավարտվեց և տարածաշրջանում ունենք նոր իրավիճակ: Ինչպիսի՞ն եք տեսնում զարգացումները:
-Արցախի պատերազմի ավարտից հետո բավականին անհասկանալի ու միանգամայն նոր իրավիճակ է ստեղծվել Ադրբեջանի հետ հարաբերություններում, Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան քաղաքական եռանկյունու հետ փոխհարաբերություններում: Զարմանալիորեն Արցախյան վերջին պատերազմը մի քանի անգամ շոշափեց նաև Ուկրաինան: Պարբերաբար փորձեր էին արվում նույնականցնել Ղրիմի հիմնախնդիրն ու Արցախյան հիմնահարցը: Երբ այս հիմնահարցերի բովանդակությանը նայում ես ոչ թե դիլետանտական, այլ պրոֆեսիոնալ տեսանկյունից, ապա այդ նմանեցման բոլոր փորձերը ոչ մի քննադատության չեն դիմանում: Հետաքրքիր է, որ մենք հակամարտության կողմ չէինք այս պատերազմում, սակայն որոշակիորեն ներառվեցինք դրանում:
-Ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն էր Ուկրաինայի դիրքորոշումը այս պատերազմի ընթացքում:
-Պետք է խոստովանել,որ Ուկրաինային չհաջողվեց հանդես գալ ակտիվ չեզոքության դիրքերից, հանդես գալ խնդրի լուծման որոշակի տարբերակներով կամ առաջարկներով, օգնելու հնարավորությամբ, բայց, այնուամենայնիվ, այս պատերազմի ընթացքում Ուկրաինայի թե դիվանագիտական շրջանակները, թե պաշտպանության նախարարը կարողացան պահել այն հավասարակշռությունը,որպեսզի որոշ հետաքրքրված շրջանակներ չկարողանան մեզ ներքաշել այս խաղի մեջ: Մենք կարողացանք այնպես անել, որպեսզի ռուսական պրոպագանդայի՝ մեզ վերագրվելիք բնութագրումն այդպես էլ կյանքի չկոչվի: Ես գիտեմ, թե որքան դժվար տրվեց Ուկրաինային այս նեյտրալիտետի դրսևորումն ու այդ թվում նաև միջազգային ասպարեզում որոշակի իմիջային խնդիրներ առաջացրեց Ուկրաինայի համար այս չեզոք դիրքորոշումը: Ու այս պահին էլ դեռ մենք շարունակում ենք հաղթահարել այդ խնդիրները: Հուսով եմ, որ մեր հայ գործընկերները նկատել են Ուկրաինայի կողմից այս կարևոր դիրքորոշումը ու դա հավելյալ նպաստող հանգամանք կդառնա հայ-ուկրաինական հարաբերությունների վերակենդանացման ուղղությամբ:
-Պատերազմի հետևանքով հակամարտող կողմերը ի՞նչ արդյունքներով մնացին:
-Ցավալի ու բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել,քանի որ անմիջականորեն հակամարտող կողմերից մեկի հաղթանակը պնդելը շատ ռիսկային է: Իրականում Ադրբեջանի և Հայաստանի թիկունքում իրար մեջ իրենց հարցերը լուծեցին Թուրքիան և Ռուսաստանը:Նրանցից յուրաքանչյուրն իր բաժին շահը ստացավ այս հակամարտությունից հետո ու շարունակելու են իրար մեջ եղած հարցերին լուծում տալ: Բայց չենք կարող նաև չնշել,որ ամենաշատը կորցրածի դիրքերում հայտնվեց Հայաստանը՝ այդպես էլ չստանալով աջակցություն դաշնակցից, չստանալով փակ երկինք ու համապատասխան զինտեխնիկա:
-Պատերազմից հետո Հայաստանում Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ իրավիճակը կարգավորելու համար:
-Պետական համակարգի վերակառուցում, կադրերի նշանակման նոր քաղաքականություն: Ակնհայտ է, որ այս պահին Հայաստանում ակտիվորեն քննարկում են լոգիստիկ դեոբլոկադայի հարցը:Կարող եմ ասել,որ քայլ առ քայլ, կետ առ կետ քայլեր են ձեռնարկվում կոմունիկացիաների բացման ուղղությամբ՝ ընդ որում բավականին լայն մասշտաբով: Կարծում եմ, որ Հայաստանի համար այս պահին ոչ թե մասնակիորեն ու քիչ-քիչ դեօկուպացիան է ձեռնտու, այլ միանգամից՝ համաձայնագրով նախատեսված փաթեթով: Ճիշտ բանակցություններ վարելու արդյունքում լոգիստիկ առումով բլոկադայի ենթարկված Հայաստանը կարող է վերածվել լոգիստիկ տեսանկյունից կարևորագույն տարածաշրջանային երկրի:
Զրուցեց՝ Հայկա Ալոյանը

