Բիզնեսը հիմա ունի երկու մտայնություն, գործարարներին դեռ մինչև փոխադրումներ իրականացնելն առաջին հերթին հետաքրքրում է պետական անվտանգությունը․ ինչպես է պետությունն ապահովելու ինչպես իր քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի անվտանգությունը։ Այս մասին ArmDaily.am–ի հետ զրույցում ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն՝ անդրադառնալով Հայաստանից Նախիջևանով ու Բաքվով դեպի ՌԴ անցնող երկաթգծին։
Նա ընդգծեց, որ բիզնեսը իր շարունակականությունն ապահովելու և ներդրումներ անելու համար պետք է հասկանա, թե ինչպես կարող է իր ապագան կապել իր հայրենիքի հետ և, որ իր պետական անվտանգությունն ապահովված է։ «Բնականաբար, բիզնեսը կընտրի այն տարբերակը, որը կլինի ավելի անվտանգ, ավելի կարճ ու ավելի էժան։ Բեռների փոխադրման անվտանգությունը պետք է ապահովված լինի՝ չգիտեմ ինչ ուժերի կողմից, դա կարող է լինել, օրինակ, համատեղ ինչ-որ անվտանգության համակարգ՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, կամ միջազգային բեռնափոխադրող ընկերություն, որը կձևակերպի ու կտրամադրի երաշխիքներ, օրինակ, կարող է լինել հայկական արտադրության բեռ, սակայն միջազգային տրանսպորտային ընկերությունն իր վրա վերցնի և ապահովի դրա անվտանգությունը՝ ապահովագրելով այն։ Այսինքն, տարբեր մոտեցումներ կան ու բոլորը տարբեր արժեքներ կունենան։ Ես անձամբ ու մեր գործատուների մեծ մասը դեռևս պեսիմիստական է վերաբերվում նոր ճանապարհը օգտագործելու հեռանկարին, որովհետև ռիսկերը շատ են, չորոշակիացված խնդիրները շատ են։ Միաժամանակ, դրանք դեռ ինչ-որ գաղափարներ են, մինչև երկաթգիծը սկսի գործել, մինչև սահմանային հսկողության կետերը դրվեն, փաստաթղթավորման հարցերը պարզ լինեն, միայն դրանից հետո կարող ենք խոսել այդ ճանապարհից օգտվելու մասին»։
Նա ընդգծեց, որ անգամ տարիներ ի վեր օգտագործվող Վրաստանով անցնող ճանապարհի հետ կապված մինչև հիմա խնդիրներ ունենք, որոնք կապված են փաստաթղթերի, տարբեր սահմանային հարցերի հետ, ներքին օրենսդրական պահանջներին համապատասխանելու հետ, միաժամանակ, լուծված չեն եղանակային խնդիրները և այլն։
«Հետևաբար, հարցի պատասխանը հետևյալն է՝ բիզնեսը կընտրի ամենաանվտանգ ճանապարհը և դա Թուրքիայով ու Բաքվով անցնողը չէ, բացարձակապես, այդ ճանապարհը դեռ հեռանկարի որևէ հույս չի առաջացնում։ Երկաթգիծը ավելի շատ խոշոր բեռների, ծանր բեռների փոխադրման միջոց է։ Հայաստանի փոքր տնտեսության դեպքում պետք է հաշվի առնենք, թե մենք ինչ ենք վաճառում և ներմուծում, որպեսզի երկաթգիծը պետք գա։ Հայաստանի փոքր ծավալներ ունեցող, փոքր տնտեսություն ունեցող երկիրը, խորհրդային ժամանակների տնտեսությունը չէ, որտեղ զարգացած էին մեքենաշինությունը կամ քիմիական արդյունաբերությունը, մենք հսկայական, 100-ավոր տոննաներով բեռներ էինք փոխադրում ու 100-ավոր վագոններով բեռներ էին գալիս Հայաստան։ Հետևաբար, Հայաստանի օգուտը, եթե այն լինի, ապա չնչին է լինելու։ Խոշոր պետությունները՝ Իրանը և ՌԴ-ն անշուշտ կօգտվեն, որովհետև իրենց տնտեսությունը մեծ է, ծավալները մեծ են։ Հայաստանի համար կարող է հետաքրքիր լինել, օրինակ, Իրանից վառելիքի ներմուծման համար, որոնք այսօր ֆուռերով ու ցիստեռներով են բերվում, հնարավոր է գնացքով բերվեն, սակայն պետք է հաշվի առնել, որ իրանական վառելիքն էլ ունի իր որակական խնդիրները։ Ընդ որում՝ վստահեցնում եմ, որ Ադրբեջանն էլ դրանից շատ չի օգտվելու, իր համար սա ուղղակի քաղաքական, ցուցադրական նշանակություն ունի՝ ազդեցության լծակներ գործիքակազմ ստեղծելու միջոց է։ Ադրբեջանի տնտեսությունն էլ այդքան դիվերսիֆիկացված չէ, որ ասեն՝ այ, հիմա տեսեք ինչ է անելու, Ադրբեջանը 445 մլն դոլարի ու դրանից էլ շատ ծախսեր է կատարելու, բայց ավելի շատ այն բանի համար, որ ճանապարհն իրենը լինի, ով սարքում է՝ նա էլ ազդեցություն ունի, ու դրանով ոտք է մեկնում խոշոր պետությունների հետ»։

