Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը օրերս հայտարարեց, որ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նշենք, որ հեղափոխությունից հետո Տիգրան Պետրոսյանը Շիրակի 2-րդ մարզպետն էր:
2017 թվականին նախկին իշխանությունների կողմից Շիրակի մարզպետ նշանակվեց ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը, ով հեղափոխությունից հետո աշխատեց որպես Գյուղատնտեսության նախարար: Այնուհետև Շիրակի մարզպետ նշանակվեց Կարեն Սարուխանյանը, սակայն դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նա պատգամավորական մանդատ ստացավ և եկավ խորհրդարան, նրան փոխարինեց Տիգրան Պետրոսյանը:
Այս ընթացքում շրջանառվում են տարբեր թեկնածուների անուններ, թե ով կփոխարինի Տիգրան Պետրոսյանին: Թեկնածուների շարքում է Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, ով նախ կգնա որպես ժամանակավոր պաշտոնակատար, իսկ այնուհետև կնշանակվի մարզպետ:
ArmDaily.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշեց, որ եթե մինչև 5 բալային համակարգով գնահատի Տիգրան Պետրոսյանի աշխատանքը, ապա նա կգնահատի 3+: Ինչ վերաբերում է թեկնածուներին, Սարուխանյանը նշեց, որ չի կարող ասել:
Հարցին, թե շրջանառվում է Հովհաննես Հարությունյանի անունը, ինչ կարծիք ունի նրա մասին, պատգամավորը նշեց. «Այս պահին ոչինչ ասել չեմ կարող: Քաղաքական թիմը մի շարք թեկնածուների մասով քննարկումներ է ունենում: Կան քաղաքական թիմի անդամներ, կուսակից ընկերներ, համախոհներ, ովքեր միանշանակ կկարողանան աշխատել այդ պաշտոնում և հիմա քննարկվում են տարբեր անուններ: Չեմ ուզում ավել բան ասել: Վստահեցնում եմ, որ մոտ ապագայում անպայման որոշում կլինի»:
«Շիրակի կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանն էլ նշեց, որ Պետրոսյանը շատ պարկեշտ մարդ է. «Իհարկե, որոշ խնդիրներ բարձրաձայնել եմ, քննադատել եմ, բայց շատ ճիշտ որոշում է կայացրել: Չեմ կարծում, թե խելամիտ մարդն այս իշխանության հետ կհամաձայնի աշխատել: Քաղաքականության մեջ չեզոք եմ եղել, հիմա էլ եմ այդ դիրքորոշմանը: Հիմա էլ չեմ ուզենա ներքաշվել քաղաքականության մեջ, պարզապես մեր քաղաքում մատերի վրա կարելի է հաշվել այն մարդկանց, որոնք մեծ ներդրում ունեն քաղաքի համար, ոչ միայն սոցիալական առումով, այլ նաև մշակութային և այլն: Կարծում եմ` ունեմ այդ իրավունքը, քան ոչինչ չարած ինչ-որ մարդ, ով խոսում է 90-ականների մասին, երբ ինքը ծնված էլ չի եղել: Ոչ կենսագրություն ունի, ոչ կյանք է անցել, պատահական ընկել է քաղաքականության մեջ և փորձում է Վազգեն Մանուկյանի հետ ոտք գցել»:
Նա նշեց, որ Հովհաննես Հարությունյանին չի ճանաչում և հետաքրքրված էլ չի այդ մասով:

