Նախ պետք է արձանագրենք, որ վարչապետը գնաց ընդառաջման՝ կարևորելով մեր հարցերը և լսելով մեր խնդիրները։ Այնպես չէ, որ այդ խնդիրների մասին տեղյակ չեն, պարզապես վարչապետն ուզում էր տիրապետեր մեր դիրքորոշումներին։ Այս մասին այսօր վարչապետի հետ հանդիպումից հետո ասաց Սուրեն Ցոլակյանը, ով անհետ կորած զինծառայողների ծնողների կողմից մասնակցել էր հանդիպմանը։
«Մենք համաձայնության ենք եկել վարչապետի հետ ևս մեկ անգամ հանդիպելու առաջիկայում՝ մեր կողմից հարցերի պատասխաններ ստանալու համար։ Մենք բավարարված չենք հանդիպումից, որովհետև մեր բարձրաձայնած հարցերի պատասխանների կամ խնդիրների մասին խոսելը վաղ է։ Այս անգամ մենք ավելի համակարգված ենք խոսել և դրանց լուծումների մասին կարող ենք խոսել հաջորդ անգամվա հանդիպումից հետո»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդ հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հաջորդ երկուշաբթի։

