«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ArmDaily.am-ի եթերում հայտարարել էր, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ են եղել Մեղրին ԼՂՀ-ի հետ փոխանակելուն, բայց ոչ կոմունիկացիաներին։ Մենք կապ հաստատեցինք Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանի հետ, ով պատմեց, որ դեռևս Խորհրդային միության տարիներին Ալիևն ուզեցել է ճանապարհ գցել Մեղրիով։
«Կարեն Դեմիճյանը, փաստորեն, ասաց՝ իմ դիակի վրայով և թույլ չտվեց։ Ինքը թույլ չտվեց, հետո երբ որ 1986 թվականին Դեմիրճյանին հանեցին ու Սուրեն Հարությունյանը եղավ Կենտկոմի քարտուղար, իսկ Ալիևը Սովետական միության մինսիտրների խորհրդի տեղակալ, ընդ որում համակարգում էր տրանսպորտը, այն ժամանակ հաստատեցին այդ ճանապարհի շինարարությունը։ Մինչև Նռնաձոր գյուղը ասֆալտապատ ճանապարհ կառուցեցին, հետո այս Խորհրդային միությունը փլուզվեց ու շինարարությունը կասեցվեց։ Երբ որ Քոչարյան Ռոբերտն ուզում էր Մեղրին փոխանակել Լաչինի հետ, անգամ ինքը հանդիպումներ էր ունենում, եղել են այդպիսի հանդիպումներ նաև գործարարների հետ՝ ասում էր՝ Մեղրին ինչ է, մի քարքարոտ տեղ է՝ դրա դիմաց 3 միլիարդ դոլար էլ փող են տալիս։ Այն ժամանակ Մեղրիում խոսակցություններ էին տարածում, որ յուրաքանչյու տանը տալու են տասը հազար դոլար միջինը և յուրաքանչյուր շնչի հաշվով 5.000 դոլար։ Մեղրիում ինտենսիվ կերպով այս խոսակցությունները գնում էին»։
Հարությունյանը նշեց, որ այդ ժամանակ ինքը պատգամավոր էր ու ԱԺ-ում բարձրացրեց այն հարցը, թե արդյո՞ք տարածված լուրերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ և ովքե՞ր են այդ լուրերը տարածում։ Իր այդ հարցադրմանը հաջորդել են լրագրողների հրապարակումներն ու քաղաքական տարբեր ուժերի կողմից քննարկումները, ինչը հասկանալի դարձրեց, որ ժողովուրդը դեմ է Մեղրիի հանձնմանը։ «Դրան կարող էին խոչընդոտել նաև Իրանն ու Ռուսաստանը, քանի որ նրանց ձեռնտու չէր Մեղրին Ադրբեջանին հանձնելը։ Այդ թեմայից հետ կանգնեցին ու Քոչարյանն էլ սկսեց խաչակնքվել, չնայած ինքը չի խաչակնքվում ՝ինքը ուրիշ բան է անում, ու հետ կանգնեց այդ թեմայից։ Բայց թեման շարունակում էր շրջանառվել։ Դրանից հետո Պետաիրավական հանձնաժողովում քննարկում ենք կազմակերպել Մեղրիի հետ կապված, ուր Օսկանյանը ներկայացնում էր մի քանի տարբերակներ՝ մեկը 1.5 կմ լայնությամբ հատված տրվում է Ադրբեջանին Լաչինի դիմաց, մյուս տարբերակը լինում էր, որ առանց մեր հսկողությամբ ու հասկացան, որ Մեղրին չի կարելի Պարսկաստանից անջատել»,- ասաց ՀԺԿ փոխնախագահը։ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ վարկած կա, որ հոկտեմբերի 27-ն էլ է կապվում այդ հարցերի հետ։ «Որովհետև անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է այդ հարցը, Դեմիճյանն ու Վազգեն Սարգսյանը կատեգորիկ դեմ են եղել։ Դեմիրճյանը շատ վրդովված է եղել,որ այդպիսի հիմարություն են ուզում ասել,բայց դա եղել է փոխանակման մասին, բայց ոչ կոմունիկացիաների»,-եզրափակեց Հարությունյանը։

