Վազգեն Մանուկյանն այսօր Գյումրի մեկնելու ճանապարհին հանդիպել է մի քանի երիտասարդների, ովքեր վանկարկել են «Նիկոլ վարչապետ» և Մանուկյանից պահանջել հետ բերել հայ ռազմագերիներին։
ArmDaily.am-ի հետ զրույցում «Շիրակի կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը տեղեկացրեց, որ Վազգեն Մանուկյանի ճանապարհը չեն փակել։
«Վազգեն Մանուկյանի ճանապարհը չեն փակել, ժամանակին եկել է, իր պատվիրակությունը մի պահ կանգնել է, որտեղ Ազատավանի խաչմերուկին եղել են մի քանի հոգի։ Ինչ ասեմ՝ Աստված իրենց խելք ու շնորհք տա, այդ տղաներին ճանաչում են։ Հիմա ինչ-ինչ պատճառներով դրդված անում են, ես գիտեմ դրդապատճառները ու հույս ունենանք, որ իրենք կուղղվեն։ Պարզապես երիտասարդ տղաներ են՝ մի քանի հոգի են»,-ասաց Թումասյանը։
Երբ խնդրեցինք մանրամասնել ցույցի դրդապատճառները՝ Թումասյանը դա պայմանավորեց կոնկրետ թելադրանքով։
«Վազգեն Մանուկյանի հանդեպ վերապահում ունենալ և ինչ-որ բանի մեջ մեղադրել ՝ առնվազն սրբապղծություն է։ Վազգեն Մանուկյանն է հիմնական մրցակիցը վարչապետի, մեկ ուրիշ մրցակից լիներ՝ իրենց կթելադրեին, որ գնային այդ մեկ ուրիշի անունը տալ։ Թելադրողը իշխանության կողմից մեկն է։ Այդ մարդկանց մնացել է մեկ-երկու շաբաթ, իմաստ չունի իրենց անունները տալ»,- հավելեց Թումասյանը։
Հասարակական գործիչը տեղեկացրեց,որ միշտ մի քանի հոգի սոցիալական վիճակով պայմանավորված կարող են համաձայնել տարատեսակ ցույցերի մասնակցություն ունենալ։ Նաև հավելեց,որ այժմ Վազգեն Մանուկյանը արդեն ավարտում է ելույթը, դահլիճը լեփ-լեցուն է հատկապես երիտասարդներով ու շուտով կանցնեն հարց ու պատասխանին։

