ArmDaily.am-ը ԲԴԽ թափուր պաշտոններում թեկնածուների և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագծի շուրջ զրուցել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։
—Պարոն Իշխանյան, Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ թափուր պաշտոնում ընտրվելը հիմա շատերն են քաղաքականացնում, Դուք ի՞նչ եք կարծում՝ այդ պաշտոնին Ջհանգիրյանը քաղաքական պատվեր իրականացնելու համար է հավակնում։
—Այստեղ երկու կարևոր հանգամանք կա, որպես իրավաբան գիտնական նրա անցած ուղին անբասիր լինելու հանգամանքը, երկրորդը, արդյոք նա քաղաքական դիրքորոշում ունի, թե ոչ։ Որովհետև այս երկուսն էլ շատ կարևոր են հատկապես ԲԴԽ-ի անդամի համար։ Եթե այս տեսակետից նայենք, ապա պարոն Ջհանգիրյանի պետական, քաղաքական կենսագրությունը, որքան հիշողությունս չի դավաճանում, սկսվել է 1995 թ-ից, երբ նա ԿԸՀ հանձնաժողովի փոխնախագահն էր, այդ ժամանակ ԿԸՀ նախագահը Ռոբերտ Ամիրյանն էր, ով բավական ծեր մարդ էր և փաստացի իր գործառույթները ամբողջությամբ դրված էր Ջհանգիրյանի վրա։ Հենց այդ տարիների ընտրություններով հիմք դրվեցին ընտրակեղծարարությանը, ընտրություններն անցան բոլոր տիպի խախտումներով, լցոնումներով, քվեատուփերի գողացումներով, ծեծուջարդով, քվեարկությունը 2 ժամով՝ 20.00-ից հետաձգվեց մինչև ժամը 23-00-ն, հետաձգվեց ապօրինաբար, արդյունքում ընտրությունները կեղծվեցին։ Անձամբ հանձնաժողովի անդամներն էին ինձ ասում, որ նա անձամբ էր զանգ տալիս շրջաններ և ասում, որ մինչև 70-80 տոկոսանոց չլինի՝ արձանագրությունը չբերեք։ Հետագայում նա նշանակվեց արդարադատության փոխնախարար, հետո զինվորական դատախազ։ Զինվորական դատախազ աշխատած պայմաններում տարեկան 200-ից ավելի զինվոր էր մահանում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով և այդ ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ջանքերով՝ այդ հանցագործությունները կոծկվում էին ու ձևակերպվում էին ինքնասպանություններ։ Այդ ժամանակ հարցաքննությունները ուղեկցվում էին խոշտանգումներով, ծեծուջարդով, բավական վկայություններ կան այդ մասին։ Միայն Մատաղիսի դեպքը բավական է նրա գործելակերպն իմանալու համար։ Հետագայում՝ 1998 թ-ին, երբ ընտրությունների ժամանակ Վազգեն Սարգսյանը պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, Ջհանգիրյանը Քոչարյանի շտաբում էր և ամբողջ ընտրությունները ինքն էր կազմակերպում։ Կարծում եմ, սա նույնպես պետք է հաշվի առնել։ Սա իր «անբասիր իրավաբան» լինելու մասին։
Եվս մի կարևոր հարց, երբ նա դատախազի տեղակալ էր նշանակված, իսկ մենք պետք է իմանանք, որ ինչպես դատավորները, այնպես էլ դատախազները պետք է քաղաքականապես չեզոք լինեն, հանկարծ՝ նա 2008 թ-ին միացավ Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը և հարթակից քաղաքական ելույթներ ունեցավ։ Այսինքն, նրա քաղաքական կողմնորոշումը ակնհայտ երևաց։ Հետագայում՝ որպես ՀԱԿ-ի անդամ նա պատգամավոր էր։ Այսինքն, երբ այս ամենը մենք համադրում ենք՝ ակնհայտ է դառնում, որ նա ոչ ունի անաչառ իրավաբանի կենսագրություն, ոչ էլ քաղաքականապես չեզոք իրավաբանի կենսագրություն։ Նա պատվեր կատարող է և պատրաստ է տարբեր մեթոդներ կիրառելով՝ իրականացնել պատվերը, եթե պետք է ցուցմունք կորզել, ապա խոշտանգումներով, եթե պետք է ընտրությունները կեղծել հանուն իշխանությունների՝ պատրաստ է նաև դրան։ Այդպիսի մարդ է պետք ԲԴԽ-ում վարչապետին, որպեսզի կարողանա նրա միջոցով վերահսկել դատարաններին։ Կարծում եմ՝ սա է նպատակը։
—Իշխանության կողմից առաջիկայում կառաջադրվի ևս մեկ ԲԴԽ անդամի թեկնածու, առաջարկվում է Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը, նա Սասուն Խաչատրյանի եղբայրն է։ Նրա թեկնածությանն ինչպե՞ս եք վերաբերվում։
—Ես անձամբ ճանաչում եմ Դավիթ Խաչատրյանին, դրա համար ինձ համար փոքր ինչ դժվար է խոսել։ Ես նրան ճանաչում եմ որպես բանիմաց իրավաբան, սակայն այստեղ ես կարծում եմ, որ կա շահերի բախում, քանի որ նրա եղբայրը ՀՔԾ—ի պետն է։ Բնականաբար, այնտեղից եկող գործերը, որոնք կարող են լինել շատ վիճահարույց, ապա նրա հարազատ եղբայրը լինելով՝ նա չի կարողանա անաչառ լինեն։
—Նրան կապում են նաև Բաց հասարակության հիմնադրամների հետ, ու այս առումով նրա թեկնածությունը շատերի համար ընդունելի չէ։
—Առանց մեկնաբանության, քանի որ ես չեմ համարում, որ եթե մարդը կապ է ունեցել այդ հիմնադրամի հետ, ուրեմն նրա անվան վրա պետք է գիծ քաշել, որովհետև դա վերաբերում է նաև ինձ։
—Երեկ Աժ-ում քննարկվում էր Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծը, ծանո՞թ եք նախագծին, ի՞նչ կարծիք ունեք։
—Ոչ չեմ նայել, նախագիծն ինձ չի հետաքրքրում, քանի որ ինձ համար պարզ է այդ ամենի քաղաքական նպատակը։ Այդ նպատակը որպես հերթական կառույց ընտրովի ճնշումներ գործադրել ընդդիմության և հնարավոր մերձավորների նկատմամբ՝ որոնց վրա կասկածներ ունի վարչապետը։ Որովհետև, եթե ազնիվ լիներ մեր իշխանությունը, ապա վեր կլիներ կոռուպցիայից, մինչդեռ կոռուպցիոն բազմաթիվ դեպքեր կան՝ սկսած պարգևավճարներից, որոնք սկզբում գաղտնի էին, հետո բացահայտվեցին, շարունակվելով ծխախոտի հայտնի գործից, մինչև հակաօդային պաշտպանության գնումներով, բանակի սնունդով և բազմաթիվ այլ հարցերով։ Այնպես որ, իշխանության կողմից ստեղծված հակակոռուպցիոն մարմնի նկատմամբ ես որևէ վստահություն չունեմ, քանի որ ինքը՝ իշխանությունը կոռումպացված է մինչև վերջ։
—Այս կոմիտեի ղեկավարի պաշտոնում շրջանառվում է Արգիշտի Քյարամյանին նշանակելու տարբերակը...
—Երիտասարդ Ջհանգիրյան, ընդամենն այդքանը։

