ArmDaily.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ պարզելու, թե Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի հետ կապված ի՞նչ խնդիրների առաջ է կանգնել մաքսային ծառայությունը։ Արդյոք մինչ այժմ ներկրված բոլոր ապրանքները մաքսազերծված են և հնարավոր է միջանկյալ որևէ որոշում կայացվի, որպեսզի հունվարի 1-ից հետո էլ չմաքսազերծած ապրանքների մաքսազերծում իրականացվի։
Մեր հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ից հայտնել են. «ՀՀ կառավարության 20.10.2020թ-ի թիվ 1708-Ն որոշման համաձայն ժամանակավորապես արգելվում է ՀՀ թուրքական ծագման ապրանքների ներմուծումը՝ համաձայն նույն որոշման հավելվածի։
Նշված արգելքի հետ կապված հնարավոր խախտումները կանխելու նպատակով մաքսային մարմինների կողմից իրականացվում է ուժեղացված մաքսային հսկողություն։ Առայժմ խնդիրներ չեն արձանագրվել։
Հարկ է նշել, որ նախքան ներմուծողի կողմից ապրանքների մաքսային հայտարարագրումը, ապրանքների ծագման երկիրը մաքսային մարմիններին հայտնի չի լինում։ Հետևաբար, հնարավոր չէ միանշանակ նշել արդյոք Թուրքիայից ներմուծված բոլոր թուրքական ծագման ապրանքները հայտարարագրված և բաց թողնված են, թե ոչ։
Միաժամանակ տեղեկացվում է, ուր ՀՀ կառավարության թիվ 1708-Ն որոշման գործողությունը չի տարածվում մինչև 2021թ-ի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներկրված ապրանքների վրա։
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի՝ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություն կամ լրացում կատարում է միայն այդ նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը (տվյալ դեպքում՝ ՀՀ կռավարությունը)։ Հետևաբար, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հնարավոր նոր փոփոխությունների կամ լրացումների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ»։

